Դուդուկահարների Համերգ «Ալեքսանդր Մանթաշով» Կենտրոնում |
Աջարիայի հայության և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հրավերով Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշով» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում հյուրընկալվեցին Հայաստանից ժամանած Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սաները` ղեկավար Սուրեն Մինասյանի առաջնորդությամբ: 2016 թվականի հունիսի 21-ին հյուրերը հանդես եկան գեղեցիկ համերգով: Անզուգական դուդուկով կատարելով հայ և վրաց հեղինակների ստեղծագործությունները` արվեստի դպրոցի սաները հիացրեցին և հուզեցին հանդիսատեսին, արժանանալով նրանց ջերմ ծափահարություններին: Համերգին ներկա էր նաև արժանապատիվ Տեր Արարատի հրավերով Բաթումիում գտնվող տավուշցի երեխաների խումբը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալական կենտրոնի տնօրեն Մերի Թուխիկյանի գլխավորությամբ: Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի սաներին ողջունեց և գեղեցիկ համերգի կազմակերպման համար շնորհակալություն հայտնեց «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Տիկին Սոնան ազգային նվագարանի վրա բարձրարժեք կատարումների համար պատանի դուդուկահարներին հանձնեց շնորհակալագրեր: Դուդուկահարներին իր օրհնությունը բաշխեց հոգևոր հայրը և բոլորին նվիրեց մանկական Աստվածաշունչ:
|