Դասախոսություն՝ նվիրված հայկական ճարտարապետական կոթողներին |
Հայաստան աշխարհը հարուստ է հայ ճարտարապետական հուշարձաններով, որոնք վանքերի, եկեղեցիների եւ տաճարների տեսքով, սփռված են ողջ երկրի տարածքով: Պատմական կոթողների ուսումնասիրությունը ոչ միայն այդ բնագավառի մասնագետների հետաքրքրության առարկան է, այլեւ շատ ու շատ տարբեր մասնագիտությունների անձանց սիրած գործն ու հոբբին: Դրանցից մեկն է Թբիլիսիում հանրաճանաչ երաժշտագետ Եսայի Աբովյանը, որի սիրելի զբաղմունքը հայկական պատմական եւ ճարտարապետական արժեքների հետազոտությունն է: Հաճախակի ուխտագնացություններով այցելելով պատմական վայրեր, Եսայի Աբովյանը նաեւ նկարահանել է դրանք, ուսումնասիրել դրանց պատմությունն ու ճարտարապետական արժեքը: Նրա կուտակած տեղեկատվությունը հետաքրքրասերների լայն շրջանին հաղորդելու եւ պատրաստած սլայդները ցույց տալու նպատակով, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Գալուստ Գյուլբենկյան սրահում, մայիսի 19-ին կայացավ դասախոսություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ճարտարապետական նմուշներին: Բանագնացը ներկա վիրահայ մտավորականության ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, այս անգամ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզը եւ այնտեղ պահպանվող ճարտարապետական կոթողները: Եսայի Աբովյանն իր կողմից նկարահանված եւ պատրաստված սլայդների ցուցադրությամբ ներկայացրեց այս մարզում գտնվող ութ վանքեր, բազմաթիվ տաճարներ: Նա հանգամանալից խոսելով Օձուն, Հորոմայր, Արդվի տաճարների, Սանահին, Խուճապի, Խորակերտ, Քոբայրի վանքերի, Խոժոռնու եկեղեցու մասին, պատմեց նաեւ Զաքարյանների տոհմի, նրանց քաջագործությունների շուրջ, հանգամանալից կանգ առավ եկեղեցիների խաչագմբեթ կառուցվածքի, Խորակերտի վանքային համալիրի գլխավոր եկեղեցու բացառիկ շինության՝ 10 նիստերով եւ 30 սյուներով գմբեթի թմբուկի անկրկնելիության եւ շինարարական այլ առանձնահատկությունների վրա: Բանագնացը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին: Հայ մշակութային եւ ճարտարապետական կոթողներին նվիրված դասախոսությունների շարքը լինելու է շարունակական: |