Շառլ Ազնավուրը Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցում |
2012 թվականի օգոստոսի 15-ը թբիլիսահայության կյանքում հիրավի դարձավ պատմական: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստանում հյուրընկալվող ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, Ախալցիխե ուղեվորվելու նախորդ օրը , Թբիլիսիում այցելեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Սուրբ Էջմիածին տաճարը: Չնայած օգոստոսյան կիզիչ արևին, բազմամարդ էր Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը: Ժողովուրդը եկել էր իր խոնարհումը բերելու աստվածաշնորհ տաղանդով և ազգապահպան գործունեությամբ աշխարհին հայտնի Շառլ Ազնավուրին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ, երգչին եկեղեցու բակում դիմավորեցին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հայ հոգևոր դասը, թբիլիսահայ հասարակայնությունը: Հինավուրց եկեղեցու ներսում բարի կամքի դեսպանը, վիրահայոց առաջնորդի ուղեկցությամբ, աղոթք բարձրացրեց Հայաստան և Վրաստան աշխարհների բարեկամության և աշխարհասփյուռ հայության միասնության աղերսով: Սրբազան Հայրը գնահատանքի և օրհնության խոսք ուղղեց մեծ շանսոնյեին, իր կարճատև դադարի ընթացքում հայկական եկեղեցում մոմ վառելու և թբիլիսահայության հետ հանդիպելու առիթը ձեռքից բաց չթողնելու համար: Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում կայացավ Շառլ Ազնավուրի հանդիպումը թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջունելով մեծ մարդասերին և բարեգործին , Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստեց այն սերն ու հարգանքը, որ տածում է թբիլիսահայությունը իր հայրենակցի նկատմամբ: Պարոն դեսպանն ակնածանքով հիշեց այն ջերմությունը, որով մեկ տարի առաջ տեղի հայությունը հայոց եկեղեցում դիմավորել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդին և այսօր հանդիպում է աշխարհահռչակ հայ երգչին: «Հայարտուն»մշակույթի կենտրոնի համակարգող և մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիյանը Շառլ Ազնավուրին և ֆրանսիացի հյուրերին ներկայացրեց կենտրոնի ծաված գործունեությունը: Մեծ ազգասերին իրենց ստեղծագործությունները նվիրեցին թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, խեցեգործ Լեվոն Օսիպովը, երաժիշտ Լևոն Շահբազյանը: Շառլ Ազնավուրը վրացահայ հայրենակիցներին արեւշատություն բարեմաղթեց վրացական «Քինձմարաուլի» գինով: Երեկոյան ի պատիվ ֆրանսահայ շանսոնյեի Վրաստանում ՀՀ դեսպանության անունից տրվեց պաշտոնական ընթրիք: Ավելացնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրավերով Վրաստան ժամանած Շառլ Ազնավուրը, 22 հոգուց բաղկացած իր երաժշտական խմբի հետ օգոստոսի 16-ին կմասնակցի Ախալցիխեում Ռաբաթ վերականգնված ամրոցի բացմանը: Լեգենդար շանսոնյեն իր նախնիների ծննդավայր Ախալցիխեում առաջին անգամ հանդես կգա համերգով: |