1

fb you od

Արցախի երիտասարդական պատվիրակությունը հյուրընկալվեց «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

558853 295485517234934 923435087 n

 Ընթացիկ տարվա նոյեմբերի 23-ից 26-ը Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հյուրընկալվեց Արցախի երիտասարդական ֆորումի պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով փոխնախարար Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ: Արցախի երիտասարդական ֆորումի թվով 16 ակտիվ մասնակիցներ, ովքեր ներկայացնում էին Արցախի տարբեր շրջանները, «Միասնության մեջ է մեր ուժը» ծրագրի շրջանակներում ժամանել էին Վրաստան՝ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի երիտասարդական թևի հետ կապեր հաստատելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, Վրաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու նպատակով:

73592 295484607235025 1961901519 n

Արցախցի հյուրերի այցը Վրաստանում մեկնարկեց   Ջավախք ուղևորությամբ: «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի նախաձեռնությամբ ծանոթությունը Ջավախք երկրամասի հետ սկսվեց հայ մեծ քնարեգու Վահան Տերյանի ծննդավայր Գանձայից, որտեղ հյուրերը եղան Տերյանի տուն թանգարանում, աղոթք բարձրացրին Գանձայի Սուրբ Կարապետ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցիներում, ստանալով   հոգևոր հովիվներ   Տեր Արմաշ քահանա Պողոսյանի և Տեր Տաթև քահանա Մարուքյանի օրհնությունը: Հյուրերը հիացան Փարվանա լճի գեղեցկությամբ: Իսկ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում կայացած հանդիպումը դարձավ փոխադարձ ծանոթության, ծրագրերի կանխագծման, փորձի փոխանակման հնարավորություն: Ջավախքում արցախցի հյուրերին ջերմորեն ընդունեցին Ախալքալաքում՝ Արամ Սանոսյանի, Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղում՝ Սամվել Խումարյանի   ընտանիքները:

Հետաքրիր   և հագեցած էր օրը նաև Թբիլիսիում: Պատվիրակության անդամները իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայոց պանթեոնում հուղարկավորված մեծերի շիրիմներին:Այնուհետև «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թևի անդամների և արցախցի հյուրերի հանդիպումը: Փոխնախարար Գայանե Գրիգորյանը հավաքվածներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերով նախարարության   աշխատանքները, արժեվորելով երիտասարդության համար տարվող ծրագրերը: Խոսվեց երիտասարդական ֆորումի մասին, որի շրջանակներում իրականացվեց Արցախի երիտասարդության պատվիրակության այս այցը Վրաստան: Այնուհետև   Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի «Հայեր« ակումբի նախագահ Համբարձում Արզանյանը կազմակերպեց հայկական ազգային-ավանդական խաղերի մրցույթ, որին սիրով ներգրավվեցին Վրաստանի և Արցախի երիտասարդները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երիտասարդական պատվիրակության հետ հանդիպմանը   Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հետաքրքրվեց այն ապագա ծրագրերով, որ կանխագծել են համատեղ իրականացնել «Հայարտուն» կենտրոնի երիտասարդական թևը և   Արցախի երիտասարդական ֆորումը:

Հյուրընկալության վերջին օրը ղարաբաղցի երիտասարդները դիտեցին Հավլաբարում գտնվող Դավթյան ընտանիքի տիկնիկների խաղը և հիացան երեկոյան Թբիլիսիի գեղեցկությամբ: Բաժանումը հուզումնալից էր, կրկին հանդիպելու , այս անգամ արդեն Արցախում, երկուստեք որոշմամբ: