Հանդիպում վիրահայ օտարալեզու ստեղծագործողների հետ |
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 16-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունն էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Բացելով երեկոն, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը ներկայացրեց այն ստեղծագործողներին, ովքեր թեև օտարագիր են, սակայն ոգով հայ են,նրանց մտածելակերպը հայկական է,
ստեղծագործությունների ակունքը, թեման և գաղափարը ազգային: Նա ներկայացրեց Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամներ ռուսերեն ստեղծագործող Մարինա Կիրակոսյան-Մոսեսովային, Միքայել Անանովին, Արտեմ Գրիգորենցին (Կիրակոզով) և վրացագիր Գարի Ղալամքարովին: «Կամուրջ» գրական մշակութային հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը հանգամանալից բանախոսելով բոլոր օտարագիր ստեղծագործողների մասին, կարևորեց նրանց գրչի ինքնատիպությունը, թբիլիսյան կոլորիտի հյութեղ նկարագրությունը, հայկական շնչով տոգորված հարուստ և խոհական գրական աշխարհը: Անահիտ Բոստանջյանը բարձր գնահատեց օտարագիր գրողների ստեղծագործությունների հայերեն թարգմանության գործի առաջընթացը, արժևորելով հայտնի բանաստեղծ Արա Արթյանի փայլուն թարգմանությամբ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովայի բանաստեղծությունների հայերեն հրատարակությունը: Նա ընթերցեց նաև այս ստեղծագործողների գործերից կատարած իր թարգմանությունները: Այնուհետև վերոնշյալ ստեղծագործողները հանդես եկան իրենց գործերի ընթերցմամբ: Առանձնահատուկ ջերմությամբ ընդունվեց Միխայիլ Անանովի «Մաշտոցի երկրում» բանաստեղծության ընթերցումը նրա 7-ամյա դստեր՝ Աննայի կողմից: Երեկոյի ընթացքում բանաստեղծների ստեղծագործություններից նմուշներ ընթերցեցին Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի (ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյան) սաները և թիվ 104 դպրոցի աշակերտները: Վերջում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը վրացերեն ստեղծագործող Գարի Ղալամքարովին հանձնեց «Վերնատուն» միության անդամատոմսը: Երեկոն ուղեկցվեց Կարեն Միրզոյանի դաշնամուրային նվագով և համեմված էր Աննա Պողոսովայի և Ռուբեն Ոսկանյանի կատարմամբ երգերով: |