Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբի (ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլի) նախաձեռնությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, մարտի 16-ին Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «TAMAR and KIDS PAPER FASHION SHOW» թղթի շոուն: Այն անցկացվեց «Պահպանենք շրջակա միջավայրը» նախագծի շրջանակներում:
Թուղթը, որ պատրաստվում է փայտանյութից, ծառահատման արդյունք է: Խնայողաբար վերաբերվելով թղթին, մենք պահպանում ենք շրջակա միջավայրը, փրկում ծառերը ոչնչացումից: Ցանկացած տեսակի թուղթ, լինի դա ստվարաթուղթ, լրագիր, սպիտակ և գունավոր թուղթ, պերգամենտ, փայլաթուղթ կարելի է վերածել գեղեցիկ հագուստի կամ որևէ աքսեսուարի – այս էր բոլոր մասնակիցների ձեռքով պատրաստած հագուստի ցուցադրման նպատակը: Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել Թբիլիսիի տարբեր դպրոցների 4-ից 16 տարեկան հասակի երեխաներ: 40-ից ավելի տարբեր ազգության երեխաներ ներկայացրել էին թղթի տարատեսակներից իրենց երևակայությամբ և ձեռքով պատրաստած հագուստ և աքսեսուարներ, որոնք ուղեգոտու վրա ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլու մեկնաբանությամբ ներկայացրեցին երեխաները: Շոուին մասնակցեցին նաև «Հայարտուն» կենտրոնի նախակրթարանի և կիրակնօրյա դպրոցների սաները: Թղթի շոուին իրենց աշխատանքների լուսանկարներն էին ուղարկել ՀՀ Նարեկացու անվան արվեստի միության Շուշիի բաժանմունքի սովորողները: Իսկ Երևան քաղաքից ժամանել և իր պատրաստած հագուստը ներկայացրեց 14-ամյա Աշխեն Մուրադյանը: Միջոցառման վարող, գեղագիտության ուսուցչուհի Թամար Սուլխանիշվիլին ինքն էլ ներկայացրեց թղթից պատրաստած տարբեր հագուստներ: Ուրախ և զվարճալի շոուի վերջում օրհնության խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով ճաշակով կազմակերպված բնապահպանական գործողությունը, Սրբազան Հայրը ողջունեց Թամար Սուլխանիշվիլուն տարբեր երկրների երեխաների նախագծի մեջ ընդգրկելու և նման դաստիարակչական միջոցառումներ կազմակերպելու համար և շոուն անվանեց գեղեցիկ տոն: Վերջում թղթի ավանգարդային շոուի բոլոր մասնակիցներին տրվեցին վկայագրեր և բաժանվեցին նվերներ: |