1

fb you od

Հայերենի պահպանումը պետք է լինի մեր ամենօրյա խնդիրը PDF Տպել Էլ.փոստ

893655 351282684988550 954866974 o

Մայրենի լեզվի պահպանությանն էր նվիրված մարտի 23-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացած միջոցառումը: Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցներն էին «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Եղիա Մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան), ովքեր ընդամենը մի քանի ամիս առաջ են սկսել սովորել մեսրոպատառ հայերենը:

893655 351282684988550 954866974 o
Կիրակնօրյա դպրոցի տարբեր տարիքի շուրջ 40 սովորողներ անվարժ հայերենով, սակայն հոգեհարազատությամբ և ոգեշնչումով ներկայացրեցին մայրենի լեզվի զարգացման ուղին, արտասանեցին մայրենիի անմահությանը նվիրված հայ մեծերի բանաստեղծություններն ու ասույթները: Նրանց խոսքում կարևորվում էր հայերենի պահպանումը ամենօրյա խնդիր դարձնելու անհրաժեշտությունը:

Մայրենի լեզուն որպես ազգի գոյատևման և միավորման միջոց արժևորեցին և ստացած լավագույն տպավորությունները կիսեցին բանաստեղ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանը, Վիրահայոց թեմի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Աղեկյանը, «Հայարտուն» կենտրոնի կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը, կիրակնօրյա դպրոց սաների ծնողները:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ընդգծեց բարձրաճաշակ միջոցառումը, որը ոգևորում է դառնալ հայաճանաչ և լինել հայախոս: Սրբազան Հայրը կարևորեց հայ ծնողի դերը, ով ուղղորդում է իր զավակին կիրակնօրյա դպրոց, այդպիսով ձգտում նրան վերադարձնել իր արմատներին: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց ուսուցչուհի Ռոզա Զոհրաբյանին՝ նրա նվիրական աշխատանքի, անդուլ էներգիայի և հայապահպանության գործին նվիրվածության համար:

Գրականերաժշտական երեկոն անցկացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի օրվան» նվիրված միջոցառումների շրջանակներում: