Հոգեհանգիստ ՝ դաժանաբար սպանված Գուրգեն Մարգարյանի հիշատակին |
Սեպտեմբերի 26-ը, ադրբեջանցի դահճի ձեռքով կացնով Հունգարիայում դաժանաբար սպանված հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Իր ժողովրդի իսկական զավակը զազիր մարդասպանի զոհը դարձավ միայն և միայն հայ լինելու համար: Երիտասարդ սպայի հիշատակին էր նվիրված նրա ծննդյան օրը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարված հոգեհանգստյան պաշտոնը: Արարողության ավարտից հետո Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսեց հայ զինվոր Գուրգեն Մարգարյանի դաժան նահատակության մասին, որի պատճառը նրա ազգային պատկանելությունն էր: Հոգևոր հայրը արժևորեց քրիստոնեական այն պատգամները, որով միշտ առաջնորդվել է հայ ազգը՝ իր զավակներին կոչ անելով ոչ թե դահճին պատասխանել իր իսկ ձևով՝ կացնի հարվածով, այլ սպասել նրա դատաստանին Տիրոջ կողմից, որն անպայման կլինի : Տեր Մանուկ քահանան համոզմունք հայտնեց, որ հայ ազգը երբեք չի մոռանա իր երիտասարդ զավակի՝ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը: Հավատացյալները մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին դաժանաբար զոհված հայոց բանակի սպայի հիշատակին:
|