1

fb you od

Վիրահայոց թեմում Երկրաշարժի զոհերի հիշատակին կատարվեց հոգեհանգստի կարգ PDF Տպել Էլ.փոստ

1988 

Դեկտեմբերի 7-ին, ժամը 11-ն անց 41 րոպեին աշխարհասփյուռ հայոց Եկեղեցիներում հնչեցին զանգի ղողանջները, աշխարհին ու մարդկությանը հիշեցնելով 1988 թվականին Հայաստան աշխարհը ցնցած աղետալի երկրաշարժի մասին: Անցել է 25 տարի ու ամեն տարի այդ մահաբեր օրը մարդիկ մոմ են վառում ու աղոթք անում առ Աստված զոհերի հոգիների համար:

Դեկտեմբերի 7-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ՝ զոհերի հիշատակին: Հոգևոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հավատացյալներ:

Հավարտ հոգևոր արարողության, ներկաներին դիմեց Վիրահայոց Թեմի առաջնորդը: Սրբազան Հայրը Աստծո փորձություն անվանեց արցախյան պատերազմի ծանր օրերին, շրջափակման մեջ գտնվող Հայաստանի և հայ ժողովրդին պատուհասած Երկրաշարժը, խոսեց ավերված քաղաքների ու գյուղերի, մարդկային անհամար զոհերի ու վիրավորների, ուշակորույս ու անօթևան մարդկանց մասին: Անսպասելի հարվածից ժամանակը ասես կանգ առավ ... Բայց հավատքը, որ կար ժողովրդի մեջ, չթողեց նրան հուսալքվելու ու ցավին տրվելու: Ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ոտքի կանգնելու և աշխարհի երկրների համակողմանի օգնությամբ կառուցելու ավերված քաղաքներն ու գյուղերը, սփոփվելու անվերադարձ կորստի հիշատակով:

Թեմակալ առաջնորդը արժևորեց հարևան քրիստոնյա Վրաստանի ու վրաց ժողովրդի ցուցաբերած օգնությունը: Նա բարձր գնահատեց Վրաստանի նախկին ղեկավար Ջումբեր Պատիաշվիլու ցուցաբերած մարդասիրությունը, որը երկու հարևան պետությունների դարերի խորքից եկող բարեկամության ու աջակցության դրսևորում էր:

Երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ կատարվեց Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում ու աղոթք բարձրացվեց առ Աստված նման աղետներից փրկելու աղերսով:

PENT0562 PENT0595 sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)