Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը նշվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Հունվարի 9-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Ազգությամբ հայ, Թբիլիսիում ծնված, ստեղծագործական արգասաբեր տարիները այստեղ և Ուկրաինայում անցկացրած և Երևանում հուղարկավորված Սերգեյ Փարաջանովի հոբելյանին էր նվիրված հուշ-երեկոն, որը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ ճանաչված լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ համագործակցությա Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ մեծ կինոռեժիսորի հիշատակին կատարվեց հոգեհանգստի կարգ: Այնուհետև հուշ-երեկոն շարունակվեց «Հայարտուն» կենտրոնում, որտեղ կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի լուսանկարների ցուցահանդես: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրերը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը, հայ և վրացի արվեստագետներ, Փարաջանովի արվեստի երկրպագուներ: Դահլիճում էր գտնվում 90-ամյա Մանանա Բարաթաշվիլին, ով մեծացել է Փարաջանովի հետ նույն բակում: Երեկոն բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:Սերգեյ Փարաջանով հանճարի մասին խոսք ասաց Յուրի Մեչիտովը, որի գիտակցական կյանքը ձևավորվել է Փարաջանովի երևակայական աշխարհի, գեղեցիկը ընկալելու և վերարտադրելու բազում դրսևորումների, հանճարեղ ստեղծագործողի դաստիարակիչ խոսքի ազդեցությամբ: Յուրի Մեչիտովը դրվագներ պատմեց Սերգեյ Փարաջանովի կյանքից: Ներկաները դիտեցին Ռոն Հոլլովեյի «Փարաջանով. Ռեքվիեմ» վավերագրական ֆիլմը, որտեղ ճանաչված կինոռեժիսորը խոսում է ինքն իր և իր ստեղծագործական ուղու մասին: Փարաջանովի ժամանակակիցները կիսեցին իրենց հուշերը հանճարեղ կինոռեժիսորի և մեծ կոլաժիստի մասին: Թբիլիսիի հայոց թատրոնի նախկին ռեժիսոր Միքայել Գրիգորյանը, խոսելով Փարաջանովի մասին, ափսոսանքով նշեց, որ չիրականացավ «Սասունցի Դավիթ» էպոսը մեծ էկրան դուրս բերելու Սերգեյ Փարաջանովի մտահղացումն ու երազանքը: Միջոցառումը դարձավ մեծատաղանդ կինոռեժիսորի ետմահու մեծարման երեկո:
|