Ջավախքում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը |
Հունվարի 6-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սբ. Խաչ Եկեղեցում պատարագիչը Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանն էր: Սուրբ Պատարագի ընթացքին Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով, որից հետո Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետեց հավատավոր հայորդիներին: Նշենք, որ հունվարի 6-ին ծնվեց փառքի Աստվածը՝ Միածին Որդին, և երեսուն տարի անց՝ դարձյալ հունվարի 6-ին, մկրտվեց: Վայել է Աստծուն, Ով զորացրեց սուրբ Կույսին՝ Իրեն ըստ մարմնի ծնելու համար, մկրտվել Իր ծննդյան օրը՝ իջնելով ջրի մեջ, այն սրբելով ու զորացնելով և սուրբ Ավազանի արգանդը պտղատու դարձնելով, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով մենք վերստին ծնվենք սուրբ Ավազանից և կոչվենք Աստծու որդի: Այս պատճառով էլ Հայ Եկեղեցին միասին է տոնում Ծննդյան և Մկրտության տոները և այն անվանում «Հայտնության տոն»: Հավարտ Սուրբ Պատարագի ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանի կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի, Ախալքալաքի Սբ. Խաչ Եկեղեցու Խաչի կնքահոր աստվածահաճո և պարտավորեցնող պարտականությունն ստանձնեց Պետրոս Գրիգորյանը: Սուրբ մյուռոնով օրհնված ջուրը բաժանվեց հավատավոր ժողովրդին: |