1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ «Հովհաննես Թումանյան-145» գրական-երաժշտական երեկո՝ PDF Տպել Էլ.փոստ

tumanyan

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը Մեծ Լոռեցու ծննդյան 145-րդ տարեդարձը նշանավորեց գրական-երաժշտական երեկոյով, որը նախաձեռնել էր «Հայարտուն» կենտրոնը՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հետ համագործակցությամբ:

Միջոցառումը մեկնարկեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնից: Ներկաները ծաղիկներով զարդարեցին ժողովրդական բանաստեղծի շիրիմը: Հովհաննես Թումանյանի տապանաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո իրականացվեց գրքանվիրատվության ակցիա՝ «ԴՈՒ՝ ՄԵԿԸ 145 ՆՎԻՐԱՌՈՒ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ» խորագրով: Գրքանվիրատվության ակցիան նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին: Այն արդեն ավանդույթի ուժ է ստացել և իրականացվում է բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի նախաձեռնությամբ իր հրատարակած գրքերից և անձնական գրադարանից:

Միջոցառումը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Կազմակերպիչների ջանքերով ստեղծվել էր թումանյանական մթնոլորտի նմանակում, լույսերի և վառվող մոմերի՝ որպես ժամանակի և հիշատակի խորհրդանիշների համադրություն: «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո դահլիճում հնչեց Լևոն Չիդիլյանի արտասանությունը որպես հայոց աշխարհում Հովհաննես Թումանյան հանճարի ծննդյան ավետիս:

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Սփյուռքի նախարարության Կովկասի տարածաշրջանի վարչության ղեկավար Տարոն Շագոյանը, գրողներ, մտավորականներ, Թումանյանի գործերի երկրպագուներ:Թումանյանի ծոռնուհին՝ Ելենա Կոլեսնիկովան, որ հեռախոսազանգով իր երախտագիտությունն էր հայտնլ միջոցառման կազմակերպման կապակցությամբ, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել երեկոյին:

Ցուցադրվեցին դրվագներ Հովհաննես Թումանյանի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմից, որոնք ընդհատվում էին Թումանյանի ստեղծագործություններից թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի, Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասան Սամվել Էլբակյանի, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի ասմունքով:

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը կարևորեց Հովհաննես Թումանյանի գործունեությունը ոչ միայն որպես բանաստեղծի, այլև հասարակական ակտիվ գործչի, որը համարվում է նաև հայ գրողների առաջին միության ստեղծողը, «Վերնատուն» միության հիմնադիրը, «Հայարտուն» կենտրոնի շուրջը հայ ստեղծագործական մտքի ներկայացուցիչների համախմբողը, Սայաթնովյան «Վարդատոնի» կազմակերպիչը, ցեղասպանությունից փրկվածներին օգնության ձեռք մեկնողը:

Հավարտ երեկոյի՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղելով ներկաներին, Հովհաննես Թումանյանին անվանեց այն ֆենոմենը, որի ստեղծագործություններով կրթվել և դաստիարակվել են սերունդներ, իսկ բանաստեղծը իր հեքիաթներով,պատմվածքներով,պոեմներով, բանաստեղծություններով, քառյակներով հայ ժողովուրդն է իր բոլոր կողմերով: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովին, բոլոր մասնակիցներին և ներկաներին:

Թումանյանի տեքստերով երգերի կատարումներով հանդես եկան երգչուհի Սվետլանա Տատոևան, մենակատարներ Անի Ղուշչյանը, Հենրիխ Պետրոսյանը, Հովհաննես Շահնազարյանը,Ներսես Շնորհալի պատանեկան երգչախումբը:
 

IMGP1682 IMGP1698 IMGP1707 

IMGP1730 IMGP1794 IMGP1837 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)