1

fb you od

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդին PDF Տպել Էլ.փոստ

Ejmiacin

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:

Վիրահայոց թեմի առաջնորդը Նորին Սրբությանը ներկայացրեց Վիրահայոց թեմի գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանին լրատվամիջոցներով ու տարբեր անձանց կողմից թեմի գործունեության վերաբերյալ արտահայտված որոշ կարծիքներին: Առաջնորդ Սրբազան Հայրը հավաստիացրեց նաև Նորին Սրբությանը, որ հակառակ թեմի գործունեության վերաբերյալ հնչած անհիմն մեղադրանքներին, Վիրահայոց թեմը շարունակում է բնականոն իր առաքելությունը` առաջնորդվելով կանոնական և օրինական ընդունված սկզբունքներով: Այսուհանդերձ, փարատելու համար տարբեր շրջանակներում թեմի գործունեությանն առնչված հնարավոր որևէ տարակույս, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին խնդրանք ներկայացվեց նշանակել հանձնախումբ` Վիրահայոց թեմի գործունեության և առկա խնդիրների վերաբերյալ զեկույց պատրաստելու համար:

Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը հղեց թեմակալ առաջնորդին և թեմի ուխտապահ եկեղեցականաց դասին՝ իրականացրած եռանդուն գործունեության համար: Վեհափառ Հայրապետը նաև իր հորդորն ու պատգամն ուղղեց թեմակալ առաջնորդին` նախանձախնդիր խոհեմությամբ շարունակելու առաջնորդական ծառայությունը` ի խնդիր վիրահայ հավատացյալների ազգային ու հոգևոր կյանքի զորացման:

Նորին Սրբությունը Հայրապետական իր սերն ու ողջույնները հղեց նաև բարեպաշտ վիրահայերին` ազգային-եկեղեցական կյանքում նախանձախնդիր մասնակցության համար:

Հանձնախումբ նշանակելու առնչությամբ Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ պատշաճ տնօրինումները կկատարվեն:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)