2014 թվականի փետրվարի 19-ին կայացավ կրոնական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և մարդու իրավունքների հարցով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի հաշտության և պետական իրավահավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին,Վրաստանի ժողովրդական պաշտպանի տեղակալ Պաատա Բելթաձեն,Վրաստանի վարչապետի՝ մարդու իրավունքների հարցերով խորհրդական Թամար Չուգոշվիլին և ուրիշներ:
Հանդիպումը կազմակերպել էր Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին առընթեր գործող Հանդուրժողականության կենտրոնը:Հանդիպմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը ներկայացնում էր թեմի իրավական հարցերի, պետական մարմինների հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը: Վերջինս ներկաներին տեղեկացրեց այն մասին, որ Վիրահայոց Թեմը դրական է գնահատում խորհրդային ժամանակաշրջանում Թեմին հասցված վնասի մասնակի հատուցման մասին կառավարության որոշումը և բարձրացրեց խորհրդային ժամանակաշրջանում Վիրահայոց թեմից բռնագրավված եկեղեցիների վերադարձման հարցը, ինչպես նաև Թեմին փոխանցելու այն անշարժ գույքը, որը փաստացի գտնվում է նրա տիրապետության ներքո: Պետական նախարար Զաքարեիշվիլին նշեց, որ Կառավարությունը ընդունել է որոշում կրոնական հարցերով պետական գործակալություն ստեղծելու մասին և տվյալ գործակալությունը կունենա առաջադրված հարցերով զբաղվելու լիազորություն:
Դրա հետ միասին նշվեց, որ տվյալ գործակալության գործարկումից հետո հավանական է լուծարվի 2013 թվականի նոյեմբերի 29-ին հիմնադրված կրոնական կազմակերպություններին վերաբերող առանձին հարցերի ուսումնասիրության գծով միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահն է պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
|