1

fb you od

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին PDF Տպել Էլ.փոստ

mayrator

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ողջունելով Վրաստանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց երկու երկրների միջև առկա համագործակցության առիթով և շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց միևնույն տարածաշրջանում կողք կողքի ապրող երկու հավատակից ժողովուրդների փոխադարձ զորակցության և եղբայրության ամրապնդման կարևորությունը, ինչին մշտապես ուղղված են եղել Հայ Եկեղեցու ջանքերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին և նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին և դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ և վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն հայորդիների հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:

Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց տիար Գիորգի Մարգվելաշվիլիին` ի բարօրություն Վրաստանի և նրա հավատավոր ժողովրդի:

Հանդիպումից հետո Վրաստանի նախագահն այցելեց նաև Մայր Տաճար, եղավ Տաճարի ավանդատուն-թանգարանում: 

DSC 0075 1889069 221122878079691 1322787611 o

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)