Վիրահայոց թեմում գեղեցիկ անակնկալներով նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը |
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վիրահայոց թեմում նշվեց գեղեցիկ միջոցառումով: Կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակը լեփ-լեցուն էր տարբեր տարիքի ու ազգության երեխաներով և նրանց ծնողներով: Երեխաներին իրենց տոնի կապակցությամբ շնորհավորեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Բոլոր երեխաներին բաժանվեցին գույնզգույն փուչիկներ: Իսկ բարերար Սերգեյ Արությունովի կողմից միջոցառմանը ներկա բոլոր երեխաները հյուրասիրվեցին համեղ պաղպաղակով: Այնուհետև իրար ետևից տարածվեցին գեղեցիկ երգերը «Հայարտուն» կենտրոնի Ներսես Շնորհալի պատանեկան երչգչախմբի (խմբավար Մարիա Աբուլյան) և անհատ կատարողների կողմից: Վերջում բոլոր երեխաներին «Վրաստանում Բարի Սամարացի» միջազգային բարեգործական ընկերության ներկայացուցիչ Կարեն Երիցյանը բաժանեց արտասահմանցի երեխաներից իրենց հասակակիցներին հղած նվերները: Միջոցառումը երեխաների տոնը դարձրեց իրավամբ տոնական: Նրանք նվեր նվերներ ստացած վերադարձան իրենց տները:
|