Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո Թբիլիսիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում |
Սույն թվականի մարտի 7-ին, Հռոմեական -Կաթոլիկ Սուրբ Եկեղեցու Անդրկովկասյան վարչության Թբիլիսիի Սուրբ Պողոս-Պետրոս մայր տաճարում, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի հետ համատեղ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Քույր եկեղեցու բակում հավաքված հավատացյալները դիտեցին նախամուտքում կազմակերպված Մեծ Եղեռնի մասին պատմող լուսանկարների ցուցադրությունը: Բազմամարդ եկեղեցում Հիշատակի երեկոն սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն ողջունելով ներկաներին, խոսք ասաց օրվա խորհրդի մասին, հիշատակելով անցյալ դարասկզբին հայի ժողովրդի, այնուհետև հրեա ազգի նկատմամբ իրականացված Եղեռնագործությունը, դատապարտեց մարդկության դեմ սանձազերծված ցեղասպանության ամեն տեսակ դրսևորում: Այնուհետև կատարվեց հոգեհանգստյան կարգ և աղոթք բարձրացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված ցեղասպանության նահատակների հոգիների խաղաղության համար: Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը հանդես եկավ Հայոց Եղեռնի մասին ընդարձակ բանախոսությամբ: Իր ստեղծագործություններն ընթերցեց բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր խոսքում կարևորեց այն, որ հայ ժողովուրդը Ցեղասպանության հետևանքով թեև հայրենազրկվեց , բայց ունեցավ նաև իր հերոսամարտերն ու հերոսները, ովքեր պայքարեցին ժողովրդի փրկության համար: Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց այն ժողովուրդներին և երկրներին, ովքեր կիսում են հայոց վիշտը, այն պետություններին ու ազգերին ովքեր ընդունել ու ապաստանել են մազապուրծ փրկված հայությանը: Հայ ժողովուրդը պատասխանատվություն է զգում իր անցյալի, ներկայի և ապագայի համար, հայությունը վերածնունդ է ապրում Արցախը ազատագրելով և մայր հայրենիքին վերամիավորելով, վերածնունդ է ապրում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում իր ձեռքբերումներով: Թեմակալ առաջնորդը շնորհակալություն հայտնեց Անդրկովկասի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու առաջնորդին Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի երեկոն կազմակերպելու և հյուրընկալելու համար: Հիշատակի երեկոյին հնչեցին հայերեն, իտալերեն և վրացերեն հոգևոր երգեր հռոմեական -կաթոլիկ և Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախմբերի կատարումներով: Նահատակների հիշատակի ոգեկոչման երեկոներ կանցկացվեն նաև մյուս քույր եկեղեցիներում: |