Վիրահայոց թեմի առաջնորդարանի և թբիլիսահայոց անունից ծաղկեպսակ դրվեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին |
2015 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին 1989 թվականի ապրիլի 9-ին Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Վրաստանի խորհրդարանի առջև կանգնեցված հուշակոթողի առջև պատվիրակության անդամները աղոթք արեցին զոհվածների հոգիների խաղաղության համար և Թեմի ու համայնքի անունից ծաղկեպսակ խոնարհեցին հուշակոթողին: Այնուհետև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մերձակա տարածքում Ապրիլի 9-ին զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Խորհրդանշական է, որ հավատացյալների հետ միասին արարողությանը ներկա էին Վիրահայոց թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաները, նրանց մանկավարժները և ծնողները: Եկեղեցու սպասավոր Տեր Սամվել քահանա Թորոսյանը աղոթք բարձրացրեց և «Հոգվոց» կարդաց Վրաստան երկրի անկախության և պետականության վերականգնման համար նահատակված 21 անմեղ մարդկանց հիշատակին: |