Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար Խանդոյում |
2015 թվականի ապրիլի 18-ին, Ջավախքի Խանդո գյուղում միաժամանակ կատարվեց երկու պատմական արարողություն՝ օծվեց Սուրբ Խաչ եկեցեցու նոր զանգը և կանգնեցվեց Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակի խաչքար: Խանդոյի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց եկեղեցու նոր զանգի օծման արարողություն և ժամերգություն: Եկեղեցու նոր զանգն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի, մասնակցությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Արակովայի Սուրբ Գևորգ եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի: Հավարտ սրբազան այս արարողության նորաօծ զանգն արդեն Եկեղեցու գմբեթին էր: Այնուհետև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ խորհրդանշական 100 ղողանջ հնչեցվեց Խանդո գյուղի Սուրբ Խաչ եկեղեցու զանգակատնից: Ապրիլի 18-ին Խանդոն բազմամարդ էր: Ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանի կատարվեց նաև խաչքարի օծման նվիրական արարողություն: Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը կանգնեցվեց Խանդո գյուղի երիտասարդների կողմից: Քանդակագործ՝ Սոս Հակոբյան: Բացման արարողությանը ներկա էին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՋԱՀ–ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Ախալքալաքի շրջանից ընտրված մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, Ախալքալաքի Վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, Նինոծմինդայի Վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը և մտավորականներ, մանկավարժներ և այլք: |