1

fb you od

Վիրահայոց թեմի հոգևոր դասի ժողով Ախալցիխեում PDF Տպել Էլ.փոստ

joghov 

2015 թվականի հունիսի 22-ին, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիցատանը տեղի ունեցավ Վիրահայոց թեմի հոգևոր դասի խորհրդակցական ժողովը:

Այն նախագահեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իսկ ատենապետությունը ստանձնեց Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանը:

Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ, որից հետո հաստատվեց օրակարգը, որի երեք հիմնական հարցերն էին.

Ա) Թեմի հոգևոր դասի կիսամյա գործունեության հաշվետվությունը,

Բ) Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շին-վերանորոգչական աշխատանքները և այլ հարցեր,

Գ) Նոր նշանակումներ:

Թեմակալ առաջնորդը հոգևոր դասին հակիրճ ներկայացրեց անցնող 6 ամիսներին առաջնորդարանի կատարած աշխատանքները և գալիք ծրագրերը:

Այնուհետև ըստ ավագության հոգևոր հայրերը զեկուցեցին տեղերում կատարված աշխատանքների մասին: Քահանաները խոսեցին իրականացվող վերանորոգչական աշխատանքների մասին, կարևորվեց Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանցի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում ընթացող շինարարական աշխատանքը: Արձանագրվեց նաև առաջընթաց եկեղեցաշինության բնագավառում: Հաշվետու ժամանակաշրջանում ավարտվել է Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի XI դդ, կառույց Սուրբ Աստվածածին, Վաչիան գյուղի XIX դարի Սուրբ Սիոն, Սուլդա գյուղի XIX դարի Սուրբ Խաչ եկեղեցիների վերանորոգությունը, ավարտին են մոտենում Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղի XIX դարի կառույց Սուրբ Ստեփանոս եկեղեցու ամբողջական և Գանձայի XIX դարի Սուրբ Կարապետ եկեղեցու մասնակի վերանորոգության աշխատանքները:

Հոգևոր հայրերը խոսեցին հոգևոր ծեսերին հավատացյալների մասնակցության ակտիվության բարձրացման և հաղորդվողների թվի աճի մասին:

Թբիլիսիի հոգևոր դասը ժողովականներին տեղեկացրեց նաև շրջաններ կատարած այցելությունների և տեղերում եկեղեցական արարողությունների, հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման մասին:

Ջավախքի հոգևոր սպասավորները խոսեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հայկական կրթօջախներում և մշակութային կենտրոններում կազմակերպված հիշատակի ոգեկոչման միջոցառումների շուրջ:

Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ժողովականներին և Թեմակալ առաջնորդին իրազեկեց Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շին-վերանորոգչական աշխատանքների կապակցությամբ Թբիլիսիից ժամանած մասնագետների այցի մանրամասները: Նա ներկաներին տեղեկացրեց, որ ճարտարագետ Զուրաբ Գաչեչիլաձեն մանրակրկիտ ուսումնասիրել է եկեղեցու շենքը և առաջարկել է իրականացնել հողային հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա կպատրաստվի նախագիծ և կկատարվեն եկեղեցու հիմքերի ամրապնդման, շենքի ներսի և դրսի կողմերի վերանորոգչական աշխատանքներ:

Քահանայաց դասը Առաջնորդի առջև բարձրացրեց տեղերում քահանաների խիստ անբավարար լինելու հարցը և Սրբազան Հորը խնդրեց միջոցներ ձեռնարկել այս հույժ կարևոր հարցին լուծումներ տալու ուղղությամբ:

Նոր նշանակումների առնչությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդը, հաշվի առնելով Մառնեուլի շրջանի հայահոծ համայնքներում հոգևոր գործունեությունն աշխուժացնելու անհրաժեշտությունը, իր լիազորությունների սահմաններում Ախալցիխեի շրջանի Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Օրալ, Ղուլալիս և Սազել գյուղերի հոգևոր հովիվ Տ. Հակոբ աբեղա Սահակյանին ազատեց զբաղեցրած ծառայությունից և նշանակեց Մառնեուլի քաղաքի և շրջանի հայ համայնքների հոգևոր հովիվ, իսկ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանին ազաատելով Ախալցիխե քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի պարտականությունից, ծառայության նշանակեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես օգնական հովիվ:

Առաջնորդական մեկ այլ կարգադրությամբ , Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը նշանակվեց Ախալցիխե քաղաքի և շրջանի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համայնքների հոգևոր հովիվ:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն վարդապետ Սալբիյանի հոգևոր գործունեությունը երկու քրիստոնյա ժողովուրդների հոգևոր կապերի, հայերի և վրացիների բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր օրհնությունը բաշխելով խորհրդակցական ժողովի մասնակիցներին, գնահատեց քահանաների աշխատանքը, հորդորեց առավել նվիրումով ծառայել Սուրբ Առաքելությանը: Սրբազան Հայրը հոգևոր հովիվներին տվեց նրանց հետագա առաքելության հետ առնչվող անհրաժեշտ պատգամներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)