1

fb you od

Դուդուկի, դհոլի և ասմունքի խմբակների բաց դաս «Հայարտուն« կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

dhol 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, 2015 թվականի հունիսի 27-ին, կայացավ կենտրոնի դուդուկի (ուսուցիչ՝ Իվանե Մկրտչյան), դհոլի (ուսուցիչ՝ Ռոբերտ Կաշավանիձե) և ասմունքի (դերասան՝ Սամվել Էլբակյան) խմբակների բաց դասը: Նպատակը մեկն էր՝ Թեմի պաշտոնեությանը, հյուրերին և ծնողներին ցույց տալ խմբակների սաների ձեռք բերածը մեկ տարվա պարապմունքների ընթացքում:

Ներկայացվեց մի գեղեցիկ կոմպոզիցիա, որը ներշնչված էր հայերենի մեծարման, հայրենիքի նկատմամբ անհուն սիրո և ազգային հպարտոթյան վեհ զգացումներով: Դհոլի արթմնի ռիթմի, դուդուկի մեղմանուշ մեղեդու ուղեկցությամբ հնչեց հայ պոեզիայի ծաղկաքաղ՝ հուզական ասմունքով, գեղեցիկ երգով, պատգամելով՝ չմոռանալ «Կռունկի կանչը», Սասունցիների մարտաշունչ պարը, Սայաթ-Նովայի խորը փիլիսոփայական խոսքը և մայրական սիրով տոգորված հայոց լեզուն ու Հայաստան աշխարհը:

Տպավորությունը սպասածից ավելին էր. ներկաները, որոնց շրջանում էին համայնքային այրեր, կենտրոնի բարերար-հիմնադիրը Նովոսիբիրսկից, հյուրեր՝ Մոսկվայից, թբիլիսահայ մտավորականներ, արժևորեցին կենտրոնի մեծ աշխատանքը հայ երեխային ազգային նվագարաններին մերձեցնելու, հայ բանաստեղծական խոսքը հուզիչ և ըմբռնումով ընկալելու գործում, միանշանակ ընդգծելով Վիրահայոց թեմի և նրա «Հայարտուն» կենտրոնի կատարած վիթխարի աշխատանքը Վրաստանում հայոց շունչն ու ազգային ոգին պահպանելու ուղղությամբ:

Ամփոփելով բաց-դասը՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղեց ներկաներին և գնահատանքի խոսք ասաց խմբակների ուսուցիչներին, սաներին և նրանց ծնողներին հայ երեխային հայաշունչ դաստիարակելու, հույզի, սիրո և բարության շնչով նրան ուղղորդելու համար:Սրբազան Հայրը հորդորեց ջանասիրությամբ շարունակել պարապմունքները և ընդարձակել գործունեության շրջանակը:

Բաց դասը դարձավ կատարված աշխատանքների յուրօրինակ հաշվետվություն: 

3 DSC03711 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)