Ուրախ և հետաքրքիր հանգիստ հնէաբանական բազայում |
Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ամառային հանգստի ճամբարի երրորդ փուլին այս տարի մասնակցեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստներ Սերգեյ Կամալովը, Ռոզիտա Գամբարովան, Արմինե Ղուշչյանը, Մարիաննա Կիրակոզովան և Միլենա Գալուստովան: Ճամբարային կյանքին ընդգրկված էին բարձրդասարանցիներ և ուսանողներ, ովքեր ուրախ հանգսսստի հետ միասին անց էին կացնելու հնէաբանական պեղումներ: 2015 թվականի օգոստոսի 7—17-ը հայ երիտասարդների խումբը գտնվում էր Քսանի բնակավայրի Նաստակիսիից ոչ հեռու գտնվող հնէաբանական բազայում: Պեղումներն սկսվում էին ամեն օր, առավոտյան ժամը 7-ից և շարունակվում մինչև կեսօր: Ճամբարի ղեկավար Իլիայի պետական համալսարանի դասախոս Մայա Չարկվիանիի և տարբեր բուհերի պրոֆեսոր-դասախոսների գլխավորությամբ, ուսանողները պեղումներ էին կատարում հնէաբանական պաշտոնական բազայից 3 կիլոմետր հեռավորությամբ: Ղեկավարները երիտասարդ հետազոտողներին սովորեցնում էին ինչպես օգտվել գործիքներից և կատարել պեղումներ, ինչպես տեսակավորել հայտնաբերված ոսկորները և կմախքները, ինչպես որոշել խեցեղենի գույնը, որակը և պահպանման ձևը: Երիտասարդների օրը միայն պեղումներով չէր սահմանափակվում: Հաճախակի կազմակերպվում էին էքսկուրսիաներ, տարբեր խաղեր ու զվարճություններ: Տպավորիչ էր Ձալիսի կատարած էքսկուրսիան, որը գեղեցիկ հուշեր թողեց մասնակիցների մոտ: Ուրախ, հագեցած ու հետաքրքիր էր անցնում օրը հնէաբանական ամառային ճամբարում: Այստեղ ստեղծվել էր մի գեղեցիկ ընտանիք, որտեղ հասակակից այլազգիների միջև ստեղծվել էին ջերմ ընկերական հարաբերություններ: Ավելացնենք, որ Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից Թեմի երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովային հայտնեցին շնորհակալություն մասնակիցների հայկական խմբի օրինակելի վարքի և նվիրական աշխատանքի համար: |