Աշուղական երգի տոն Ծալկայի շրջանի Այազմա գյուղում |
2015 թվականի սեպտեմբերի 13-ին, Ծալկայի շրջանի Այազմա գյուղում աշուղական երգի տոն էր՝ նվիրված այս գյուղի ծնունդ, աշուղական երգի անմահ վարպետ Գուսան Հավասու (Արմենակ Պարսամի Մարկոսյան) մեծարմանը: 1991 թվականից մեկնարկած և ավանդաբար ամեն տարի սեպտեմբերին նշվող ՀՀ ժողովրդական արտիստ գուսան Հավասու մեծարման տոնը վաղուց դադարել է մեկ համայնքի պատկանելուց: Այն դարձել է տարածաշրջանային մասշտաբի տոնահանդես, որին իրենց մասնակցություն են բերում նահանգային և շրջանային բարձրպաշտոնյաներ, հյուրեր Վրաստանի և Հայաստանի տարբեր շրջաններից, Թբիլիսիից և Երևանից: «Հավասի-2015» տոնահանդեսը բացեց Ռազմիկ Հանեսյանը, արժևորելով գուսան Հավասի երգարվեստը, որ հագեցած է լեռնաշխարհի բնության վեհությամբ, նազանքով և յայլա գնացող կանանց ու աղջիկների գեղեցկությամբ, դաշտերում ու լեռներում ջանասիրաբար աշխատող մարդկանց նվիրվածությամբ։ Ներկա հասարակությանը ողջունեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանում պետական լիազոր Պաատա Խիզանաշվիլին: Նա արժևորեց այս հող ու ջրի ժողովրդին, որ երգարվեստին տվել է գուսան Հավասի մեծավարպետին և նրա մահից հետո էլ մեծարում և սերունդներին է փոխանցում գուսանի արվեստը, նրա նկատմամբ տածած մեծ սերն ու հպարտությունը: Իսկ Ծալկայի շրջանային վարչության նախագահ Իլիա Սաբաձեն կարևորեց Հավասու տոնի ավանդական լինելը, որը նաև խորացնում է բարեկամությունը տարբեր ազգերի միջև, նպաստում տարբեր մշակույթների մերձեցմանը: «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, անդրադարձ կատարելով Ջավախքում գուսանական արվեստի զարգացման ուղուն, ի մասնավորի խոսեցին Գուսան Հավասու՝ որպես աշուղական երգի տաղանդավոր ներկայացուցչի, նրա երգերի թեմատիկայի բազմազանության և գեղարվեստական բարձր արժանիքների մասին: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանն իր ելույթում կարևորեց տոնին նաև գյուղից և շրջանից մեկնած ծալկեցիներին մասնակից դարձնելու հանգամանքը և առաջարկեց գուսան Հավասու մեծարման տոնն այսուհետ նշել ամեն տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը: Առաջարկը ներկաների կողմից արժանացավ հավանության: Ու տարածվեց ուրախ երգն ու պարը Այազմա գյուղի վրա: Դաշտահանդեսը բացեց Ծալկայի շրջանի մշակույթի տան երգի-պարի համույթը, կատարելով վրացական բազմաձայն ժողովրդական երգեր: Այնուհետև հնչեցին գուսան Հավասու մեղմածոր երգերը Նինոծմինդայից ժամանած մենակատարներ Հայաստան Իսպիրյանի, Վարազդատ Նունյանի, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մենակատարներ Նինա Կարապետյանի, Անի Հովհաննիսյանի և Հենրիխ Պետրոսյանի կատարմամբ: Միջոցառման մշակութային բաժնում հանդես եկան պարուսուցներ Սուսաննա Բաբայանի և Գայանե Նազլոյանի պարային խմբերը, «Հայարտուն» կենտրոնի դհոլի և դուդուկի խմբակները ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձեի և Իվանե Մկրտչյանի ղեկավարությամբ: |