Վիրահայ նկարիչները ցուցադրվեցին Հայոց հոգևոր կենտրոնում |
2015 թվականի սեպտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետության Վաղարշապատ քաղաքում բացվեց «Վիրահայ նկարիչները Սուրբ Էջմիածնում» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված էր Մայր Աթոռում Սուրբ Մյուռոնի օրհնությանը: Ցուցահանդեսը կազմակերպվեց Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի և ՀՀ Վաղարշապատի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանի հայ նկարիչների միության աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը իրենց ներկայությունն էին բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասը, Թբլիսիից և Երևանից ժամանած հյուրեր, տեղի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի այցելուները ականատեսը դարձան գեղանկարչության թբիլիսյան դպրոցի ավանդույթները շարունակող Թբիլիսիի և Ջավախքի շնորհալի հայ նկարիչներ Իրենա Օհանջանովայի, Թենգիզ Միքոյանցի, Ջիովանի Վեփխվաձեի, Մերուժան Շահումյանի, Կառլեն Կարապետյանի, Հայկազուն Ղարագուլյանի և մյուսների աշխատանքների: Ներկայացված էին նաև Վրաստանում ծնված, թերևս ներկայումս մայր հայրենիքում ստեղծագործող շնորհաշատ նկարիչներ Մայիս Մխիթարյանի, Զուլեյկա Բաժբեուկ Մելիկովայի, Արտյոմ Մելիք-Ազարյանցի, ծնունդով Վրաստանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հոգեշնորհ Տեր Ներսեհ վարդապետ Խալաթյանի և այլոց աշխատանքները: Ընդարձակ դահլիճի պատերը զարդարող շուրջ 25 նկարիչների կտավները աչքի էին ընկնում ՝ թեմայի բազմազանությամբ, ներկապնակի հարստությամբ և պատկերավորման անսահմանությամբ: Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, արժևորելով երկու երկրների արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչների միմյանց ստեղծագործություններին ծանոթացնելու նպատակին ուղղված համագործակցությունը, ինչպես նաև Ջավախքի ստեղծագործողների մասնակցությունը ցուցահանդեսին: Ցուցահանդեսի կազմակերպիչներ Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը և Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի աշխատանքների համակարգող Ներսես Մելիքյանը, ներկաներին իրազեկեցին այն մասին, որ օրերս Թբիլիսիում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կհյուրընկալվեն Վաղարշապատի նկարիչները, որտեղ կբացվի նրանց աշխատանքների ցուցահանդեսը: Հավարտ միջոցառման Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխեց հանդիսության մասնակիցներին և գնահատանքի խոսքեր ուղղեց Վաղարշապատ քաղաքի քաղաքապետարանին ու նրա ղեկավարին, ում նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ իրականացավ վրացահայ նկարիչների աշխատանքների ցուցադրությունն այս քաղաքում: Սրբազան Հայրը խոսեց նաև երկու երկրների մշակույթների երկխոսության զարգացման և խորացման անհրաժեշտության մասին, կարևորելով գեղեցկության, սիրո և բարության հաղթանակը չարի դեմ: Ցուցահանդեսի այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին դահլիճում փառահեղորեն տեղ գտած հինգ տասնակից ավելի կտավները:
|