Վերաօծվեց Մեծ Արագյալի «Սուրբ խաչ» եկեղեցին |
2015 թվականի հոկտեմբերի 12-ին, ուրախ տրամադրություն էր տիրում Նինոծմինդայի Մեծ Արագյալ գյուղում: Տեղացիների և հյուրերի առջև իր դռները բացեց բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների կողմից հիմնովին վերակառուցված, 1830 թվականին հիմնադրված «Սուրբ խաչ» եկեղեցին, բարեկարգված բակով և տարածքով: Եկեղեցին վերակառուցվել է ճարտարապետ Ազատ Մղդեսյանի նախագծով, դիզայնի հեղինակն է Արմեն Ղուկասյանը, քանդակագործությունը պատկանում է Գևորգ Մնացականյանին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, նորովի վերակառուցված եկեղեցում կատարվեց դռնբացեքի արարողություն: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի առաջնորդի նախագահությամբ և Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ Խորեն վարդապետ Հովհաննիսյանի և տարածաշրջանի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հինավուրց «Սուրբ խաչ» եկեղեցու վերաօծման կարգը: Անչափ մեծ էր գյուղի բնակիչների ուրախությունը, որի փափագն էր իր համայնքում կրկին տեսնել փարթամորեն բազմած հայոց եկեղեցին և լսել Սուրբպատարգյան զանգի ղողանջները: Եվ ահա Սուրբ Խաչ եկեղեցում անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Նինոծմինդայի Սուրբ Սարգիս Եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը: Ի կատար ածվեց նաև բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանների սիրասուն նպատակը՝պսակադրվել և Սուրբ խաչով հայոց ընտանիքը ամրապնդել նորաօծ այս եկեղեցում: Սուրբ Պատարագին և ծիսական արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Պետրոյանը, Հենզել Մկոյանը, Սամցխե –Ջավախքի լիազոր-նահանգապետ Ակակի Մաճուտաձեի ներկայացուցիչը, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանային վարչությունների նախագահներ Էդվարդ Աղասարյանը, Գագիկ Կարսլյանը, Շրջանային ժողովների նախագահներ Համլետ Մովսիսյանը և Սմբատ Կյուրեղյանը, ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը Վահան Եղիազարյանի գլխավորությամբ, ըմբշամարտից աշխարհի կրկնակի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը և ուրիշներ: Հավարտ Սուրբ Պատարագի օրհնվեց բարերարների կողմից արված մատաղը և բաժանվեց ժողովրդին: Տոնական տրամադրությունը և հյուրերի ու տեղի հասարակության ուրախությունը, Մեծ Արագյալից տեղափոխվեց Նինոծմինդայի մշակույթի և երիտասարդության կենտրոն, որտեղ եկեղեցու վերաօծման առիթով տրվեց ճոխ համերգ: Այն վարեց անվանի մտավորական Ժորա Սնխչյանը: Համերգին մասնակցելու համար հատուկ Նինոծմինդա էին ժամանել Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ, «Կարին» պարային համույթը՝ ղեկավար Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև շնորհալի երգիչ Արսեն Գրիգորյանը: Եկեղեցու վերաօծման կապակցությամբ բարերար ընտանիքի կողմից կատարվեց հյուրասիրություն: Մեծ Արագյալ գյուղը գտվում է շրջանային կենտրոն Նինոծմինդայից 8 կմ հյուսիս-արևելք, Փարվանա գետի ձախ ափին: Հայաթափ է եղել 18-րդ դարում և հայերով կրկին վերաբնակեցվել է 1830-ական թվականներին: Ներկայիս բնակիչների նախնիներն են Էրզրումի Բրդոնք գյուղից փոխադրված 15 տուն հայերը: Հաստատվելով ամայի գյուղատեղում, արագյալցիներն արդեն 1830-ականին կառուցել են Սուրբ Խաչ անվամբ քարաշեն, երեք զույգ սյուների վրա հենված, փայտածածկ եկեղեցին: Եկեղեցու հարավային ճակատն ունի ակնհայտ նորոգումների հետքեր: |