Մասնակի վերանորոգվել է Շահումյանի Սուրբ Կիրակի հինավուրց մատուռը |
2015 թվականի հոկտեմբերի 25-ին, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի մասնակցությամբ, Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում մատուցեց կիրակնօրյա Սուրբ Պատարագ: Հավարտ Սբ. Պատարագի Հայր Սուրբը, ուրարակիր Օթարի Գիգաուրիի և երգչախմբի անդամների ուղեկցությամբ, այցելեց Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ աղոթք անելուց հետո, տեղացիների հետ ուղղվեց դեպի Հայոց գերեզմանոցի հարակից բարձունքին գտնվոող Սուրբ Կիրակի մատուռը: Հինավուրց մատուռը տարիներ շարունակ գտնվում էր անմխիթար վիճակում: Եվ ահա ծնունդով տեղացի, այժմ ռուսաստանաբնակ Աշոտ Ավանյանի բարերարությամբ մատուռը մասնակիորեն վերանորոգվեց և չեզոքացվեց փլուզման վտանգը: Տեր Խորեն վարդապետը օրհնեց մատուռի վերանորոգության առիթով բարերարի կողմից արված մատաղը, որը բաժանվեց ժողովրդին: «Սուրբ Կիրակի» անունով հուշարձանախումբը գտնվում է Շուլավերի արևելյան եզրին՝ բլրի գագաթին: Այն բաղկացած է կոփածո և անմշակ քարով, կրաշաղախով կառուցված միանավ՝ թաղակապ երկու միմյանց կից եկեղեցիներից, շրջապարսպից (կիսավեր), հյուսիս-արևմտյան կողմում կանգուն տապանատնից և շուրջբոլորը տարածված, բավականին ընդարձակ գերեզմանոցից: Սուրբ Կիրակի մատուռը ուխտատեղիի համբավ ունի: Հորինվածքային և հատկապես կառուցողական առանձնահատկությունների ուսումնասիրության հիման վրա մատուռը թվագրել է XII-XIII դարերով: |