1

fb you od

Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ վերաօծվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին PDF Տպել Էլ.փոստ

St Gevorg 

2015 թվականի հոկտեմբերի 31-ին, Թբիլիսիում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հանդիսապետությամբ և եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ կատարվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման կարգ, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, Եկեղեցու վերականգնման հիմնադրամի բարերարներն ու նվիրատուները, Վրաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանի և Ազգային ժողովի պատգամավորներ, պետական և տեղական մարմինների ղեկավարներ, Վրաստանում հավատարմագրված տարբեր երկրների դիվանագետներ, Վրաստանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ:

Ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, օծվեցին եկեղեցու խորանի սյուները, մկրտության ավազանը և խորանի շուրթը:

Անմխիթար վիճակում հայտնված հինավուրց եկեղեցին վերստին վիրահայ համայնքին վերադարձնելու Աստվածահաճո գործը 2012 թվականին ձեռնարկեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, արժանավոր հայորդի, ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի տնօրինությամբ, ստանալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և Վրաստանի իշխանությունների աջակցությունը:

Առաջնորդանիստ տաճարի վերակառուցման վրա համատեղ աշխատել են հայ և վրացի մասնագետները: Վերակառուցման նախագիծը Օթար Ճանկվետաձեի գլխավորությամբ պատրաստվեց վրաց մասնագետների կողմից: Շինարարական-վերակառուցողական աշխատանքները կատարվեցին վրաց շինարար վարպետների և ճարտարապետների կողմից՝ Անատոլի Սոլոմնիշվիլու և Զուրաբ Գաչեչիլաձեի գլխավորությամբ, իսկ որմնանկարների վերականգնումը իրականացվեց Հայաստանից ժամանած ՀՀ Մշակույթի նախարարության Կոթողային գեղանկարչության վերականգնման գիտա-հետազոտական կենտրոնի հմուտ մասնագետների կողմից՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մատենադարանի մասնագետների մասնակցությամբ:

Հավարտ եկեղեցու օծման կարգի, Ամենայն Հայոց Հայրապետն օրհնության իր խոսքում անդրադարձ կատարեց Սուրբ Գևորգ եկեղեցու՝ որպես հոգևոր, մշակութային և կրթության կենտրոնի ունեցած դերին վիրահայ համայնքի կյանքում և գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարներին, նախագծողներին, ռեստավրատորներին ու բոլոր շինարարներին: Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր բարձր պարգևներ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշաններ հանձնեց նվիրատուներ Ալբերտ Ավդոլյանին, Սերգեյ Սարկիսովին, և Բիձինա Իվանիշվիլուն, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշաններ ստացան Կոնստանտին Մարգարյանը, Անդրեյ Մկրտչյանը, Բորիս Նահապետյանը, Վեհափառի Հայրապետական օրհնության արժանացան բարերարներ Ռուբեն Վարդանյանը և Դանիել Խաչատուրովը: Հայրապետական գիր օրհնության տրվեցին Արթուր Ամիրխանյանին, Արամայիս Կանանովին, Իրինա Կոնդրատովային, Էլեոնորա Մալխասյանին, Արման Ջիլավյանին, Էդգար Մանուկյանին, Դավիթ Դավիդյանցին, Արմինե Ղազարյանին:

Այնուհետև Եկեղեցու բակում հանդիսավորապես բացվեց վերակառուցման ծրագրի բարերարների անուններով ցուցապատը:

Հայաստանի Հանրապետության նախագահը, Վեհափառ Հայրապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը, ինչպես նաև հյուրերը դիտեցին վերանորոգված առաջնորդարանը, եկեղեցու բարեկարգված բակը և տարածքը: Ունկնդրեցին բարերարների նախագծային ծրագրերը հետագա ակնկալիքների մասին:

Վեհափառ Հայրապետը վերաօծման առթիվ եկեղեցուն նվիրեց արժեքավոր մանրանկար: Դատարկաձեռն չէր նաև ՀՀ նախագահը՝ ով եկեղեցուն նվիրեց գորգ՝ Մերգերյան գորգերի Վասպուրական հավաքածուից: Ի նշան երախտագիտության և առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման առիթով Վրաստան այցի՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը հանուն բարերարների և հոգևոր դասի Վեհափառ Հայրապետին նվիրեց Հովնաթանյանների արժեքավոր աշխատանքներից մեկը:

Հավատացյալներով լեփ-լեցուն նորաօծ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը:

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման և բացման կապակցությամբ կատարվեց ընդունելություն: Ճաշի ընթացքում ներկայացվեց Սուրբ Գևորգ եկեղեցու անցյալը և ներկան պատկերող տեսաֆիլմ, որից հետո բարերարներին ու նվիրատուներին ցուցաբերած աջակցության համար շնորհակալության խոսքով և ապագա անելիքների մասին խոսքով դիմեց Ռուբեն Վարդանյանը:

Պաշտոնական ճաշի ժամանակ ողջույնի և երախտագիտության, ինչպես նաև կատարված աշխատանքների մասին խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդը:

Վեհափառ Տեր,

Հայաստանի Հանրապետության վսեմաշուք Նախագահ Տիար Սերժ Սարգսյան,

Հոգևոր եղբայրներ, մեծահարգ բարերարներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, քույրեր և եղբայրներ:

Երեկոյան ժամերգությունից կամ երբեմն Խոկման արարողությունից հետո, երբ Սուրբ Գևորգ եկեղեցում տիրում էր լռություն, տաճարը սկսում էր լցվել Հայ Եկեղեցու շարականների ու մեղեդիների երկնային հրեշտակային հնչյուններով: Լսվում էին «Տեր ողորմեան»,  «Սուրբ-Սուրբը», «Առավոտ լուսոն», որ ուղղորդում էին դեպի ակունքները քրիստոնեական անաղարտ հավատքի: Մեզ համար հոգևոր այս երևույթը մնում էր խորհրդավորության մեջ, սակայն, երբ եկեղեցում սկսվեցին վերականգնողական աշխատանքները, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, Շնորհալու տաղերն ու գանձերը առավել հնչեղությամբ սկսեցին լսվել: Ու ամեն անգամ, երբ ներկերի ու գաջի հաստ շերտերի տակից հայտնաբերվում, բացվում ու վերականգնվում էին բազմամյա որմնանկարները, պատկերն ավելի պարզ էր դառնում: Աստվածաշնչյան ու համաքրիստոնեական սրբերը, հայ վարպետների ձեռքով պատկերված բարձրաճաշակ շքեղությամբ զարդարված, վերծանում էին այդ սիմֆոնիայի գաղտնիքը: Հիրավի, հոգևոր մեղեդայնությունը հնչում էր հենց ներկերի ու ծեփի տակ ծվարած որմնանկարներից՝ կարծեք թե վերականգնող վարպետներին առինքնելով իրենց փրկելու և ապա, հավատացյալների աղոթքին ունկնդիր, փրկելու հոգիները մարդկանց:

Այսօր իրականություն դարձավ վրացահայոց, մասնավորաբար, թբիլիսահայության երազանքը: Տասնյակ տարիների սպասումից հետո, խնդրակատար Սուրբ Գևորգ եկեղեցին իր շքեղության դռներն է բացում հավատացյալներին: Տարիներ առաջ, երբ սկսվեցին Թբիլիսիի Վախթանգ Գորգասալ վրաց մեծ թագավորի անվան հրապարակի վերանորոգման ծրագրերը, ակնառու էր, որ համայնապատկերում  պակասում էր կարևոր մի զարդ: Եվ ահա վերականգնված Սուրբ Գևորգ եկեղեցին դարձավ թագավորական մեյդանի մատանու մարգարիտը՝ ամբողջացնելով պատկերը: Այն վերստին Թբիլիսիի հնամենի ճարտարապետության սիմֆոնիայի մի մասը դարձավ և համալրեց կրոնական այն բազմերանգությունը, որ առկա է Հին Թիֆլիսի այդ հատվածում:

Իսյարելի նախկին նախագահ, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Շիմոն Պերեսի խոսքերը՝ երազելու և Իսրայելի պետության վերակազմավորվելու մասին, ճիշտ կերպով համապատասխանում են թբիլիսահայությանը: Այո,  մենք էլ էինք երազում Սուրբ Գևորգի փառքի վերականգնման մասին, սակայն մենք էլ, ինչպես այն օրերի հրեաները, չունեինք ո՛չ նյութական միջոցներ, ո՛չ էլ այլ հնարավորություններ, և միայն մեր աշխատանքների ու որոնումների շնորհիվ հասանք արդյունքի: Հույսը հավատքով ամրապնդեցինք, առավել ջերմեռանդ աղոթեցինք ու փնտրեցինք Աստծուն, և երբ մի օր Սուրբ Գևորգ եկեղեցու գմբեթում ի հայտ եկավ Հայր Աստծո պատկերը, այնտեղ մի գրություն կար.

«Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝ տեսնելու կա՞ արդյոք նրանց մեջ իմաստուն մեկը, ով փնտրում է Աստծուն»: Եվ դա դարձավ մեր հավատամքը՝ փնտրելով Աստծուն, նորոգել մարդկանց սրտի կոտրված տաճարները, այնտեղ բնակեցնել Աստծուն և հնարավորություն տալ կոտրված ու վերանորոգված մարդկային հոգուն ու սրտին իմաստնությամբ գործել: Հիրավի, մեր բարեպաշտ բարերարների ջանքերը դարձան պատասխանը մեր հայրերի Աստծուն, թե՝ երկրում շարունակում են ապրել իմաստուն մարդիկ, ովքեր ոչ միայն փնտրում, այլև սիրում են Աստծուն: Նրանք իրենց համար դղյակներ կառուցելու փոխարեն Աստծո տունն են կառուցում, վերանորոգում, խնամում, որովհետև փառքը Աստծունն է:

Շնորհիվ մեր բարեսեր բարեկամների, թեմի հոգևոր դասի, պաշտոնեության և հմուտ մասնագետների, օր-օրի իրականություն դարձան մեր երազանքներն ու տեսիլքները: Հանուն հնամենի վիրահայոց թեմի հավատացյալների, մեր սերն ու երախտագիտությունն ենք բերում ամենքիս կողմից մեծ սեր ու հարգանք վայելող Ռուբեն Վարդանյանին և նրա տիկնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին՝ թբիլիսահայության կողքին կանգնելու, մեր ամենադժվարին պահին ձեռք մեկնելու, աջակցելու և հարազատի պես թիկունք կանգնելու համար: Մեր բացառիկ հարգանքն ու շնորհակալությունը Ալբերտ Ավդոլյանին, Սերգեյ Սարկիսովին, Կոնստանտին Մարկարյանին, Անդրեյ Մկրտչյանին, Բորիս Նահապետյանին և իրենց ընտանիքի անդամներին, ովքեր հավատալով Ռուբեն Վարդանյանի տեսիլքին և տեսնելով թբիլիսահայության պատրաստակամությունը, հովանավորեցին այս նվիրական ծրագիրը և որպես անկողոպտելի գանձ, տաճարը նվիրաբերեցին ժողովրդին՝ պարգևելով մեծ ուրախություն ու հոգևոր ցնծություն:

Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման ծրագիրը դարձավ նաև հայ-վրաց եղբայր ժողովուրդների համատեղ իրականցված ծրագիր, որին իր անկեղծ ներդրումը բերեց Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական գործիչ, պարզապես բարի սրտի մարդ  Տիար Բիձինա Իվանիշվիլին, ով իր նվիրատվությամբ միացավ իր հայ եղբայրներին: Եկեղեցու վերականգնման նախագիծը Օթար Ճանկվետաձեի գլխավորությամբ պատրաստվեց վրաց մասնագետների կողմից: Շին-վերակառուցողական աշխատանքները կատարվեցին վրաց շինարար վարպետների և ճարտարապետների կողմից, Անատոլի Սոլոմնիշվիլու և Զուրաբ Գաչեչիլաձեի գլխավորությամբ: Իսկ որմնանկարների վերականգնումը կատարվեց Հայաստանից ժամանած հմուտ մասնագետների կողմից՝  Արժանիք Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ովքեր երեք տարի անդադար աշխատանքների արդյունքում հրաշքներ գործեցին: Որմնանկարների վերականգնման աշխատանքները շատ նման էին հայրենիքի համար վիրավոր քաջարի զինվորի վերքերը դարմանելու, խնամելու և ապաքինելու սրբազան գործին:

Երեք տարի Սուրբ Գևորգի բակում միմյանց էին շաղախվել հայերենը, վրացերենը, ռուսերենը: Այս ամենը նախնիների ավանդին հավատարիմ ժողովուրդների եղբայրության ու բարեկամության կենդանի, ուսուցանելի օրինակ է նաև գալիք սերունդների համար: Եվ այսօր Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ղեկավարությունների ներկայությունը նույնպես դրա վառ ապացույցն է: Վրաստանի հայ համայնքը մխիթարված է և երջանիկ ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Տիար Սերժ Սարգսյանի և Հայոց ավագանու: Հայաստանից դուրս ապրող հայության համար սա առանցքային նշանակություն ունի: Վրացահայությունը մշտապես զգում է Մայր Հայրենիքի օժանդակությունը կրթության, մշակույթի և այլ ասպարեզներում: Հանուն վրացահայոց հավատացյալների բերում եմ մեր սերն ու հարգանքը նաև Վրաստանի իշխանությունների և Կառավարության ներկայացուցիչներին: Վերջին տարիներին Վիրահայոց թեմը զգում է վրաց  իշխանությունների աջակցությունը և հուսադրվում, որ կամաց-կամաց կլուծվի նաև խորհրդային տարիներին բռնագրավված հայոց եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը, և միասին կփակենք անցյալի այդ մղձավանջային էջը:

Ողջունում ենք ներկայությունը Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության հարգարժան դեսպանների, դեսպանորդների: Մեր եղբայրական սերն ենք հայտնում Վրաստանում ապրող և գործող կրոնական՝ իսլամական, քրիստոնյա, հուդայական, եզդիական համայնքների առաջնորդ եղբայրներին: Ողջունում ենք նաև հայ և վրաց մշակութային, հասարակական գործիչներին, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին, Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից ժամանած հյուրերին, ում ներկայությունը ապացույցն է մեր միասնության ու սիրո: Իմ առաջնորդական օրհնությունն եմ բերում թեմի հոգևոր դասին և առաջնորդարանի պաշտոնեությանը՝ կազմակերպչական աշխատանքները ամենայն պատասխանատվությամբ կազմակերպելու և իրականացնելու համար: Մեր գնահատանքը նաև Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնադրամի հակարգող Արթուր Ամիրխանյանին՝ իր բարի ծառայության և անմնացորդ նվիրումի համար: Ամենքիս խորին հարգանքն ենք փոխանցում որմնանկարների վերականգնող վարպետ Արսեն Աբրահամյանին եկեղեցու Սուրբ Խորանի Աստվածամոր հրաշակերտ պատկերի արարման համար:

Փառք և գոհություն եմ առաքում առ Բարձրյալն Աստված, որ իր օրհնաբեր և շնորհաբաշխ ներկայությամբ ամենքիս պատվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ով վերաօծելով Թբիլիսիի Սուրբ Գևորգ Հայոց Մայր Եկեղեցին, հոգևոր ներշնչանք ու մխիթարություն դարձավ հավատավոր իր զավակներին: Մեր որդիական խոնարհումն ենք բերում Նորին Սրբությանը, ում օրհնության և ամենօրյա հայրական հոգածությունը զգացել ենք մեր առաջնորդական ծառայության 13 տարիների ընթացքում, ինչպես նաև վայելել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և մեր միաբանության աջակցությունն ու ներկայությունը մեր կողքին: Այս պատեհ առիթով մեր եղբայրական սերն ենք հաղորդում նաև Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներին: Թող հայոց հոգևոր կենտրոն մեր Սուրբ Էջմիածնից Վեհափառ Հայրապետի օրհնությունը բաշխվի ողջ հայությանը, և Էջմիածնի զանգերը միշտ հոգևոր արթնության կոչով ղողանջեն ու բոլորիս կանչեն դեպի տաճար, դեպի աղոթքի, հոգևոր խնդության ու ուրախության: Ամեն:

Այցի կապակցությամբ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին նվերներ հանձնեցին Վրաստանի հայահոծ տարածաշրջանների հոգևոր փոխանորդները, առաջնորդներն ու հայորդիները:

Ամփոփիչ խոսք ասաց Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնությունը բերելով ներկաներին, որից հետո Հայաստանից ժամանած պատվիրակության անդամները և հյուրերը վերադարձան հայրենիք:

Տաճարի հիմնովին վերակառուցման արդյունքում ամրացվել են եկեղեցու հիմքը, պատերն ու գմբեթը, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հեռացվել է արտաքին ծեփապատումն ու վերականգնվել է եկեղեցու սկզբնական աղյուսապատ տեսքը:

Եկեղեցու պատերից հեռացվել է գաջի ծեփը և ներկերի հաստ շերտը, որի տակից ի հայտ են եկել Հովնաթանյանների և անհայտ վարպետների որմնանկարները, որոնց վերականգնմանը մասնակցել է իտալացի մասնագետ, Ֆլորենցիայի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման կենտրոնի ղեկավար Ֆաբրիցիո Յակոբինին՝ խորհրդատվական աջակցությամբ:

Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: Եկեղեցում գործել է գրչատուն, որտեղ պահպանված շատ ձեռագրեր պահվում են Մատենադարանում:

Սուրբ Գևորգ եկեղեցում տարբեր ժամանակներում թաղվել են նշանավոր հայ գործիչներ՝ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան, վերաթաղվել են կոմս Միքայել Լորիս-Մելիքովը, Հովհաննես (Իվան) Լազարևը, Արշակ Տեր-Ղուկասովը և Բեհբութ Շելկովնիկովը:

Հայոց Եկեղեցին տունն է հայության – այս բառերը հիրավի կարելի վերագրել Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն: Սուրբ Գևորգ եկեղեցին դարեր ի վեր իր շուրջն է համախմբում վիրահայությանը, ի մասնավորի թբիլիսահայությանը՝ դառնալով նրա Աստծու տունը:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)