1

fb you od

Սոնա Վան. «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

2015 թվականի դեկտեմբերի 2-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ ճանաչված բանաստեղծուհի Սոնա Վանի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էր գրքի հեղինակը՝ մի քանի ժողովածուների հեղինակ, աշխարհի տարբեր լեզուներով թարգմանված ամերիկահայ բանաստեղծուհին:

Սոնա Վանը Վրաստանի գրականասեր հասարակայնության համար ճանաչված և սիրված անուն է, քանզի նրա ստեղծագործությունների մի քանի ժողովածուները բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի, գրող Մաղվալա Գոնաշվիլիի, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի բարձրարժեք թարգմանություններով ներկայացվել են վրացի ընթերցողին և արժանացել բարձր գնահատականի:

Ստեղծագործական երեկոն սկսվեց «Լիբրետո անապատի համար» գրքի հենքով ստեղծված կլիպի ցուցադրությամբ, որտեղ ՀՀ վաստակավոր արտիստուհի, ասմունքի վարպետ Սիլվա Յուզբաշյանի հոգեբուխ ձայնով հնչում է Դեր Զորի ճանապարհին զոհ դարձած երիտասարդ կնոջ ընդվզումն ու ցասումը մեկ ու կես միլիոն նահատակված հայերի համար:

Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն իր բանախոսությամբ անդրադարձ կատարեց Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական ուղուն: Գեղեցիկ հայերենով, հուզական աշխարհով եւ կանացի նրբագեղությամբ համամարդկային գաղափարներ արտահայտող Սոնա Վանի պոեզիան հոգու այն ներթափանցումն է, որն ընթերցողին առնում է իր գիրկը, տեղափոխում դեպի աստվածայինն ու վեհը, դեպի գեղեցիկն ու հաղթականը, դեպի բարին ու շենշողը – ահա սա է Սոնա Վանի ստեղծագործական պաթոսը, բանաստեղծական խոսքի ուժը, որ արժևորեց Անահիտ Բոստանջյանն իր խոսքում:

Ստեղծագործական երեկոյին ներկա էր «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: ճանաչված ռեժիսորը Սոնա Վանի պոեզիան անվանեց սեր, հոգու գեղեցկություն, մարդու մեծարում, որի միջոցով ընթերցողը հարստանում է, դառնում բանաստեղծուհու աստվածաշեն ու մարդաշեն չափածոյի երկնային գոյը:

Սոնա Վանը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանն իր ստեղծագործական երեկոն կազմակերպելու համար, նաև իր հիացմունքն արտահայտեց «Մովսես Խորենացի» նախակրթարանից և Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված Գայանե Խաչատրյանի աշխատանքների ցուցահանդեսից:

Խոսելով «Լիբրետո անապատի համար» ժողովածուի և ահաբեկչությունների վտանգից մարդկանց մոտ առաջացած տագնապի շուրջ, նա այդ մահասարսուռ աղետը որակավորեց փակ ուղեղի և ստեղծագործելու ունակության կռիվ, կաղապարված հավատամք, որը կարելի է հաղթել միայն պոեզիայի և արվեստի միջոցով:

Ստեղծագործական երեկոյի ամփոփիչ խոսքում Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և Սոնա Վանի ստեղծագործական երեկոն համեմատեց չափածո խոսքի միջոցով աշխարհընկալման քարոզչության հետ. Աստվածամայրը ողբում է Որդու կորուստը, Սոնա Վանն իր բանաստեղծություններում ընդվզում է պատերազմի և սպանությունների դեմ: Աստված ոչինչ չար չի ստեղծել և պատվիրել է մարդուն չսպանել: Սոնա Վանը կոչ է անում հետևել միայն բարու գաղափարին: Ահա սա է ճանաչված բանաստեղծուհու պոեզիայի միտքը:

Սոնա Վանի ստեղծագործություններից ընթերցեց բանաստեղծուհու հետ Թբիլիսի ժամանած գեղարվեստական խոսքի մեծավարպետ Սիլվա Յուզբաշյանը: Հնչեցին նաև բանաստեղծություններ նորերս Եվգենի Ռեյնի թարգմանությամբ հրատարակված Սոնա Վանի բանաստեղծությունների ռուսերեն ժողովածուից:

DSC04628 DSC04652 DSC04657 

DSC04658 DSC04675 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)