Վիրահայոց թեմի ամանորյա նվերները ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին |
2015 թվականի դեկտեմբերի 28-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության հետ, ամանորյա նվերներ տրամադրեց ՀՀ Տավուշի թեմի առաջնորդարանին՝ սահմանամերձ բնակավայրերի դպրոցականներին բաժանելու համար: Խաղաղությունն ամենամեծ բարեմաղթանքն է համայն մարդկության և հատկապես սահմանամերձ շրջանների բնակչության համար: Թբիլիսահայությունը զորակցություն է հայտնում տարածաշրջանի բոլոր մանուկներին և այս փոքրիկ նվերներով լրացնում նրանց ամանորյա տոնական տրամադրությունը: Վիրահայությունը լիահույս է, որ խաղաղությունը կհաստատվի Հայոց սահմաններում և որ մայր հայրենիքի սահմաններից դուրս խաղաղության պահպանությունը անդորր ու հանգիստ կապահովի նաև Վրաստանում ապրող հայության համար: Այս նվիրական առիթով Թբիլիսիի հայոց եկեղեցիներում հոգևոր դասը աղոթք է բարձրացնում խաղաղության համար, հայցում, որ սահմանի վրա կանգնած զինվորները առողջ և անփորձանք վերադառնան իրենց ծնողներին ու իրենց ընտանիքներին, իսկ մանուկները վայելեն մանկական երջանկությունը և ուրախությունը: |