Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին |
Հունվարի 9-ը 20-րդ դարի մեծատաղանդ կինոռեժիսոր Սերգեյ (Սարգիս) Փարաջանովի տարեդարձի օրն է: Ուկրաինայի և Հայաստանի ԽՍՀների ժողովրդական արտիստ, բազում պետական և միջազգային մրցանակների դափնեկիր, վաղամեռիկ հանճարը, որը ծնվել և ստեղծագործել է Թբիլիսում, այսօր կդառնար 92 տարեկան: 2016 թվականի հունվարի 9-ին, կազմակերպվեց այցելություն Թբիլիսիում Մանթաշովյան շարքերի պատին տեղադրված ազգի արժանավոր զավակի՝ Սերգեյ Փարաջանովի հուշարձանին: Թեմի պաշտոնեությունը, երիտասարդական բաժնի ակտիվիստները և Սուրբ Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի աշակերտությունը իրենց խոնարհումը բերեցին մեծատաղանդ արվեստագետի հիշատակին և Փարաջանովի արձանը զարդարեցին նրա սիրած նռներով ու ծաղիկներով: Վիրահայոց թեմի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ և Քվեմո Քարթլիի հոգևոր-տեսուչ հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը աղոթք բարձրացրեց Փարաջանովի հոգու խաղաղության համար: Աշխարհահռչակ կինոռեժիսորի տաղանդի ու գործունեության մասին խոսք ասացին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևով Չիդիլյանը և մամլո խոսնակ Սուսաննա Խաչատրյանը, արժևորելով նրա ներդրումը համաշխարհային կինոարվեստի զարգացման գործում: Սերգեյ Փարաջանովը հիրավի այն հանճարներից է, որը վաղուց դադարել է մեկ ժողովրդի զավակ լինելուց, դառնալով համամարդակային արվեստի կարկառուն դեմք: Նռներով ու կարմիր մեխակներով զարդարված կինոռեժիսորի հուշարձանը դարձավ անմահացած Սերգեյ Փարաջանովի հիշատակի մեծարում: |