Անդրիա աբեղայի անվան վերականգնողական տան երեխաներին Վիրահայոց թեմի ամանորյա նվերները |
Հնով նոր տարին ուռուցքային տարբեր հիվանդություններով տառապող երեխաների համար տոնական դարձնելու նպատակով, Վիրահայոց թեմը կազմակերպեց այցելություն Թբիլիսիում գտնվող Անդրիա աբեղայի անվան հիվանդ երեխաների վերականգնողական տուն: Այցը նախաձեռնել էր թեմի երիտասարդական բաժինը առաջնորդարանի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Թեմի երիտասարդական բաժնի ակտիվիստների, պաշտոնեության և հոգևոր դասի հանգանակած միջոցներով պատրաստած ամանորյա նվերներին ավելացան նաև վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի նվիրաբերած տուփերը՝ հիգիենիկ միջոցներով և տարբեր խաղալիքներով: 2016 թվականի հունվարի 13-ին, ուռուցքային հիվանդություններով տառապող 57 երեխաներին ամանորյա տոնահանդես կազմակերպելու նպատակով, երիտասարդական խումբը՝ տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, կամավոր Լուիզա Թամամյանի և Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ, այցելեց վերականգնողական տուն: Այստեղ գտնվող ուռուցքային տարբեր հիվանդություններով տառապողների մոտ նախատոնական ուրախ տրամադրություն ստեղծեցին Վրացական Հանրային հեռուստատեսության հայերեն «Մոամբե» լրատվական թողարկման վարող Աննա Բադալյանը, առաջին անգամ նրանց այցելած Ձմեռ պապ Էմիլ Սարգսյանը և Ձյունանուշիկ Անի Հովհաննիսյանը: Ուրախ երգն ու երաժշտությունը և ստեղծված բարձր տրամադրությունը փոխանցվեց նաև 2-19 տարեկան հիվանդներին, ովքեր երգով ու արտասանություններով ընդգրկվեցին տոնահանդեսին: Այնուհետև երիտասարդ այցելուները երեխաներին բաժանեցին Ձյունանուշիկի և Ձմեռ պապի բերած ամանորյա նվերները: Ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների վերականգնողական տունը ստեղծվել է հինգ տարի առաջ 17-ամյա Անդրիա աբեղայի ծնողների կողմից ձևավորված հիմնադրամի միջոցներով, կատարելով հիվանդ երեխաների մասին մինչև վերջ հոգալու միակ որդու վերջին խնդրանքը: Անդրիայի մորը, հիմնադրամի հիմնադիր տիկին Թինաթին Չխվիմիանիին այստեղ բոլորը մայր են անվանում, քանզի նրանք, վերականգնողական տանը ընդգրկված բոլոր կամավորներների նման, իրենց մայրական ողջ հոգատարությունը և գորովանքը տալիս են ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, ձգտելով գեթ մի փոքր թեթևացնել նրանց ցավերը: Վիրահայոց թեմի երիտասարդներն իրենց այցելությամբ, ուռուցքային հվանդություններով տառապող այս երեխաների համար ստեղծեցին կյանքը վայելելու գեղեցիկ օր: Երիտասարդական բաժնի ուշադրությունը վերականգնողական տան երեխաների նկատմամբ կլինի շարունակական:
|