Վիրահայոց թեմը մասնակցեց էկումենիկ աղոթքին |
2016 թվականի հունվարի 22-ին, Թբիլիսիում, Կաթոլիկական եկեղեցում տեղի ունեցավ ընդհանրական էկումենիկ աղոթք: Միասնության այս աղոթքը բազում տարիներ ամեն տարի բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի հավատացյալների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանում Հռոմեական կաթոլիկական Եկեղեցին, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցին և Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցին: Ամեն տարի էկումենիկ աղոթքն իրականացվում է այս չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ: Այս տարի միասնության աղոթք բարձրացնելու պատվին արժանացել էր Անդրկովկասում Հռոմեական կաթոլիկական Եկեղեցին: Էկումենիկ աղոթքին ներկա էին Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Մերաբ Գափրինդաշվիլին, տարբեր ազգի հոգևոր ծառայողներ, հավատացյալներ: Էկումենիկ աղոթքն իրենց ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի, վարչական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի, իրավական և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի ուղեկցությամբ: Աղոթքի ծիսական արարողությանը մասնակցեց նաև Վիրահայոց թեմի եկեղեցական երգչախումբը: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն: Հոգևոր առաջնորդն իր խոսքում արժևորեց քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը և այսպիսի հանդիպումների կարևորությունը: Աստծու խոսքին միասնաբար ծառայության ներկայիս կարգախոսն էր «Լինենք հողի աղը և լույսը կյանքի»: Ու թեև տարբեր է միասնական աղոթքի մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների կոչը՝ աղի ուժով լցնել մարդկանց հոգիները միասնությամբ ու մեր քրիստոնյա հավատքով դառնալ լույսը կյանքի: Աղոթք բարձրացվեց նաև աշխարհում արյունահեղության և ահաբեկչությունների դադարեցման, ամենուրեք քաղաքացիական լարվածության վերացման և խաղաղության հաստատման համար: Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս առաջնորդ եպիսկոպոսների իրենց մայրենի լեզվով արտասանած աղոթքով և օրհնությամբ: 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: |