Հայ երիտասարդների ճանաչողական էքսկուրսիան Կախեթի տարածաշրջան |
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության ուղղություններից մեկը Վրաստանի պատմա-մշակութային և հոգևոր կոթողներին հայ երիտասարդության ծանոթացումն է: Ճանաչողական այցի առաջին ուղղություն էր ընտրվել Կախեթի տարածաշրջանը: 2016 թվականի մարտի 5-ի վաղ առավոտյան Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ, հայ տղաների ու աղջիկների 45 հոգանոց խումբը ուղևորվեց Կախեթի: Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, երիտասարդ աշխատողներ Նինա Սերոպովայի, Գևորգ Պողոսովի, Սուրեն Աբրամյանի և Թեմի հոգևոր դասի անդամ Գևորգ սարկավագ Անտոնյանի ուղեկցությամբ ուխտագնացության առաջին կանգառը Բոդբին էր: Հայ երիտասարդները շրջագայեցին Սուրբ Նինոյի մենաստանում,հիացան հնագույն տաճարի ճարտարապետական գեղեցկությամբ, մոմեր վառեցին Վրաստանում քրիստոնեության տարածող Սուրբ Նինոյի անունը կրող տաճարում: Հայ երիտասարդների ճանաչողական այցը շարունակվեց Սղնախում: Թերևս ուխտագնացությունը մեկօրյա էր, բայց այն հետաքրքիր էր ու բովանդակալից: Երիտասարդները դիտեցին Սղնախի ամրոցը, Նեկրիսի եկեղեցական համալիրը, Գրեմի թագավորական թանգարանը: Մոմեր վառեցին Ալավերդիի Շուամթա եկեղեցում և Խվելածմինդա երկգմբեթ տաճարում: Բնության գրկում անցկացրած այցելությունը, որը համընկավ արևոտ տաք եղանակին, ավարտվեց ուշ երեկոյան: Երիտասարդները Թբիլիսի վերադարձան հարուստ տպավորություններով ու հետաքրքիր տեղեկություններով: Ճանապարհորդությունը դարձավ նաև երիտասարդների ուրախ ժամանցի և զվարճալի խաղերի միջոց: Վիրահայ երիտասարդների ուխտագնացությունները Վրաստանի հոգևոր և պատմա-մշակութային տեսարժան վայրեր կլինեն շարունակական, ներառնելով Վրաստանի տարբեր տարածաշրջանները:
|