1

fb you od

Էջմիածինի նկարչուհիների «Վերածնունդ» ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

DSC06309 

2016 թվականի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը զարդարել էին Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքի նկարչուհիներ Արևիկ Մկրտչյանի, Մանան Մուրադյանի և Գոհար Հարությունյանի կտավները: Շուրջ 3 տասնյակ գեղանկար աշխատանքների ցուցադրությունը «Վերածնունդ» խորագրով նախաձեռնել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, Վիրահայոց թեմի և Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աջակցությամբ, Վրաստանի հայ նկարիչների և Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միության գործընկերությամբ: Ցուցահանդեսն իրականացավ Վիրահայոց թեմի՝ Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների 101-րդ տարեդարձի հիշատակի միջոցառումների շրջանակում:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Կարեն Մելիքյանը, Կարեն Պարունակյանը և Էլինա Մկրտչյանը, համայնքային գործիչներ, արվեստի աշխատողներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսը դարձավ թբիլիսահայության՝ Արցախյան քառօրյա պատերազմի մղձավանջից դուրս գալու, ստեղծագործական մտքով, հարուստ մշակույթով և ազգային միասնությամբ հաղթելու կամքի դրսևորում, որն այնպես ակնառու ցոլարձակվում էր ներկայացված կտավների վառ գույների գեղեցիկ համադրությամբ և ներկապնակի հարստությամբ արտահայտված պատկերներով:

Լևոն Չիդիլյանի, Կարեն Մելիքյանի, Սուսաննա Խաչատրյանի, Գիվի Շահնազարի, Թենգիզ Միկոյանցի, Գոհար Հակոբյանի, Ենոք Թադևոյանի ելույթներում միանշանակ հնչեց բարձր գնահատականը բազում ցուցահանդեսների և փառատոների մասնակից նկարչուհիների ստեղծագործական երևակայության, խիզախ ապրումների, յուրատեսակ արտահայտմանը, որը դարձել է հայոց հարուստ ազգային մշակույթի անբաժանելի մաս: Բանախոսները կարևորեցին միասնությամբ, սիրով ապրելու, բարին ու գեղեցիկը ստեղծելու հայ մարդու անկոտրում կամքն ու հաղթանակի նվաճումը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ամփոփելով միջոցառումը, արժևորեց Վրաստանի հայ նկարիչների միության արգասաբեր աշխատանքը, նրա նախագահ վաստակաշատ մանրանկարիչ Մերուժան Շահումյանի մեծ նվիրումով «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված հայ և վրացի, Թբիլիսիի և այլ երկրների նկարիչների այսօր արդեն 40-րդ ցուցահանդեսը: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց Էջմիածնից ժամանած նկարչուհիներ Գոհար Հարությունյանին և Արևիկ Մկրտչյանին՝ գեղանկարչության հարուստ ավանդույթներ ունեցող Թբիլիսիում ցուցադրվելու և հանդիսատեսի բարձր գնահատականի արժանանալու համար, մաղթեց նորանոր հաջողություններ խիզախ ոգով, հայրենիքի սիրով մշակութային արժեքներ ստեղծելու գործում:

Իրենց աշխատանքների ցուցադրությունը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար սրտի խոսք ասացին ցուցահանդեսին ներկա Արևիկ Մկրտչյանը և Գոհար Հարությունյանը: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիս ամսվա կեսերը: 

DSC06305 DSC06306 DSC06316 

IMGP0489 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)