1

fb you od

Վիրահայ երիտասարդների ամառային հանգիստը սկաուտական ճամբարում PDF Տպել Էլ.փոստ

399566 253009448149208 1134316304 n

ՀԲԸՄ նախաձեռնությամբ գործող «Անդրանիկ» սկաուտական ճամբարը իր հետաքրքիր եւ   ուրախ օրերով նաեւ ինքնուրույնության, տնտեսվարության, հնարամտության, համարձակության, վստահության ձեւավորման եւ զարգացման իսկական դարբնոց դարձավ   աշխարհի տարբեր երկրներից ժամանած եւ իրենց երկշաբաթյա հանգիստն այստեղ անցկացրած հայ   պարմանների եւ պարմանուհիների համար:

Հուլիսի 13-ից 25-ը «Անդրանիկ» սկաուտական ճամբարի կյանքին ընդգրկվեցին 22 հայ երիտասարդներ   Թբիլիսիից, Քվեմո Քարթլիից եւ Սամցխե-Ջավախքից: Վիրահայոց ջոկատի առաջնորդն էր Մարինա Խաչատուրովան:

622888 253012381482248 70106739 o

ՀՀ Վանաձորի «Թեժ լեռան»   ստորոտում, գեղեցիկ բնության գրկում, անտառապատ վայրում արդեն 5 տարի գործող սկաուտական ճամբարում իրենց ամառային հանգիստն էին անցկացնում Լիբանանից, Սիրիայի տարբեր քաղաքներից, Վրաստանից, Հայաստանից ժամանած 13-18 տարեկան հասակի 200 երիտասարդներ: Ճամբարային կյանքն ընթանում էր հատուկ սարքավորված վրաններով, դառնալով առաջին օգնության ցուցաբերման, էքստրեմալ իրավիճակում ճիշտ գործելու վարժանք: Քնապարկերով եւ սկաուտական կյանքի այլ պարագաներով եւ նորմերով 13 օր այստեղ իջեւանած երիտասարդների համար նախնական անսովորությունն ու ոչհարմարավետությունը շուտով դարձան ուրախ տրամադրություն, հետաքրքրություն, զվարճալի ժամանց: Ճամբարի ղեկավար լիբանանահայ Գեւորգ Սանտուրյանի խիստ հսկողությունը, պահանջկոտությունը ուղղված էր ճամբարային կյանքին ենթարկվելու, սահմանված օրվա ռեժիմին ընտելանալու նպատակին: Ինքնուրույնություն,  կարգապահություն, մաքրության պահպանություն՝ ճամբարային կյանքի այս գլխավոր պայմանները շուտով ճամբարականների համար դարձան անխախտելի նորմա:

Սկաուտական Ճամբարի առանձնահատկությունը հերթապահությունն էր, որին սահմանված կարգով ենթակա էին բոլորը: Պարտադիր էր վրանների պահակությունը, տեղանքի մաքրությունը եւ բարեկարգումը, խոհանոցային աշխատանքները եւ սննդի պատրաստումը: Ճամբարականների կողմից ինքնուրույնության դրսեւորման այս հատկանիշը    իրականացվում էր սիրով եւ նվիրումով:

Արշավը դեպի «Թեժ լեռ», էքսկուրսիաները Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Էջմիածին, շրջագայությունները Երեւան, Գյումրի քաղաքներում սկաուտականների առօրյան «Անդրանիկ» ճամբարում դարձրին հետաքրքիր, նորություններով հագեցած եւ բովանդակալից:

Զվարճալի էին անցնում տարբեր մրցումները, որոնք անց էին կացվում ինչպես     ֆիզիկական մարզման, այնպես էլ գեղարվեստական զարգացման նպատակով: Եւ ուրախալի է, որ ճամբարում ցուցաբերած ակտիվությունների համար պարգեւատրվածների շրջանում էր նաեւ Վիրահայոց Թեմի Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամ թբիլիսաբնակ Հովհաննես Շահնազարյանը: Նա ճամբարի գեղարվեստական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար նվեր ստացավ հայկական տարբեր ժանրի երգերի սկավառակ-երգարանը:

Ամեն երեկո վառվող խարույկն իր շուրջբոլորն էր հավաքում աշխարհի տարբեր   երկրներից ժամանած հայ երիտասարդներին եւ ճամբարը վերածվում էր ուրախ դիսկոտեկայի իր երգ-երաժշտությամբ, զվարճալի խաղերով:

Ֆիզիկապես եւ հոգեպես կոփված, ճամբարային կյանքով խանդավառված երիտասարդները արցունքախառն աչքերով հասցեներ փոխանակելով հրաժեշտ տվեցին միմյանց հաջորդ տարի կրկին սկաուտական ճամբարում հանդիպելու ակնկալիքով: