Հրաչ Սեչինյանի ծննդյան 115-ամյակը |
Ի նշանավորումն բաթումահայ տաղանդավոր նկարիչ և կոմպոզիտոր Հրաչ Սեչինյանի ծննդյան 115 ամյակի, Աջարիայի հայ համայնքը, Բաթումի քաղաքապետարանի աջակցությամբ եւ արվեստագետի ազգականուհի Գուլո Փութկարաձե-Սեչինյանի հետ համագործակցությամբ, ընթացիկ տարվա մարտի 7-ին Բաթումի «Բարեկամության տուն» համայնքների գրասենյակում կազմակերպեց ցերեկույթ, ուր ներկայացվեց Հրաչ Սեչինյանի արվեստը: Ցերեկույթի ընթացքում հնչեցին կատարումներ կոմպոզիտորի ստեղծագործություններից: Հանդիսության մասնակիցները այցելեցին Հ. Սեչինյանի տուն, հարգանքի տուրք մատուցելով Հրաչ Սեչինյանի հուշատախտակի մոտ, որից հետո Բաթումի գերեզմանատանը Հ. Սեչինյանի շիրիմին հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը կատարեց հոգեհանգստյան կարգ: Նույն օրը Աջարիայի Խ. Ախվելեդիանիի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ Հ. Սեչինյանի նկարների անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացվեցին շուրջ 50 նկարներ: Այստեղ Երևանի պետական երաժշտանոցի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Գայանե Մշեցյանը կատարեց գործեր Հ. Սեչինյանի երաժշտացանկից: Ողջույնի խոսքով հանդես եկան Աջարիայում ՀՀ հյուպատոս Գարիկ Իսրաելյանը, Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքի ղեկավարները, քաղաքապետարանի ներկայացուցիչները, թանգարանի ղեկավարությունը, արվեստագետներ: Թանգարանում տեղի ունեցավ նաև Հ. Սեչինյանի հիշատակին նվիրված Գուլո Փութկարաձե-Սեչինյանի «Ծննդից մինչև մահ» գրքի շնորհանդեսը: |