Այցելություն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն |
Նոյեմբերի 14-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմ այցելեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հայկական պատվիրակությունը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից համակարգվող հայկական պատվիրակությունը, վերոնշյալ միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանի գլխավորությամբ, մասնակցում է նոյեմբերի 15-ից 17-ը Թբիլիսիի «Շերատոն Մետեխի» հյուրանոցում անցկացվող վրացական ինֆորմացիոն տեխնոլոգիական միջոցառմանը: Ժամանելով Թբիլիսի, պատվիրակության անդամները, թվով 45 ինֆորմացիոն տեխնոլոգներ, իրենց պարտքը համարեցին այցելել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցի և մոմ վառել Թբիլիսիում ապրած և իրենց գործերով անմահացած ազգի մեծամեծների հիշատակի համար: Այնուհետև հայ պատվիրակության անդամները, Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի ուղեկցությամբ, եղան Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում, դիտեցին «Սուրբ Մովսես Խորենացու» անունը կրող նախակրթարանը, ներկա գտնվեցին «Սուրբ Ներսես Շնորհալիի» անվան պատանեկան երգչախմբի հերթական դասին: Երգչախմբի անդամները Երևանից ժամանած հյուրերի պատվին կատարեցին քաղաքամայր Երևանին նվիրված երգեր: «Հայարտուն» մշակույթի կենտրոնում ազգապահպանության ուղղությամբ տարվող աշխատանքները մեծ տպավորություն թողեցին այցելուների վրա: |