1

fb you od

Պարույր Մուրադյանին նվիրված հիշատակի երեկո Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

256296 299328270183992 991258807 o

Հայտնի պատմաբան, մեծ գիտնական, քարթվելոլոգ Պարույր Մուրադյանի   հիշատակին նվիրված երեկո կայացավ դեկտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Մեծ գիտնականը, որ թե' ընտանեկան թելերով և թե' գիտական գործունեությամբ կապված էր   ծննդավայր Վրաստանի հետ, պատմական բոլոր հարցերին մոտենում էր երկու դրկից ժողովուրդների միասնության և փոխադարձ կապվածության գաղափարներից: Մուրադյան գիտնականը գտնում էր, որ ամեն հարց ունի պատմական-գիտական բացատրություն և երբեք չէր հենվում զգացմունքների վրա:

257569 299328240183995 934268120 o

Հիշատակի երեկոն կազմակերպել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ մտավորականների միությունը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գիտականներ,   հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:

Հուշ երեկոյին մասնակցելու համար հատուկ Երևանից ժամանել էին վաստակաշատ գիտնականի ընտանիքի անդամները՝ որդին՝ Կարեն Մուրադյանը և այրին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով, չկարողացավ ներկա գտնվել ցանկալի միջոցառմանը:

Մինչև միջոցառման սկսվելը ցուցադրվեց անվանի գիտնականի տարբեր թեմաներով, տարբեր ժամանակներ տրված հարցազրույցների ծաղկաքաղ տեսագրությունը, որը ներկաներին ըմբռնելի դարձրեց մեծ գիտնականի աշխարհընկալումը, գաղափարական   մեկնաբանություններն ու տարբեր հարցերի նկատմամբ ճշմարտացի տեսակետները:

Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը խոսեց Մուրադյան գիտնականի այն մեծ վաստակի մասին, որը ներդրվել է մագաղաթյա մատյանները,   սեպագիր արձանագրությունները ճիշտ վերծանելու, պատմական տարբեր   խնդիրները մեկնաբանելու գործում: Բանախոսը   այդ առթիվ հիշատակեց հայագետ Զազա Ալեքսիձեի խոսքերն այն մասին, որ   Պարույր Մուրադյանի ասածի մեջ միշտ հնչում էր ճշմարտության ձայնը:

Հոր հիշատակը հարգելու և մեծարելու կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց Պարույր Մուրադյանի որդին, ում վիրահայ հասարակայնությունը հիշում է դեռևս Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդի պաշտոնում աշխատելու տարիներից: Վերջինս խոսելով իր ընտանիքի և Վրաստան երկրի հետ կապերի մասին,   հիշեց հոր գաղափարների հիմնաքարը՝ վրացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությանը և պատմականորեն միահյուսված խնդիրներին   նրբանկատ և զգույշ   մոտենալու խորհուրդը:

Մուրադյան կրտսերը հիշատակեց հոր   առանձնահատուկ հարգալից վերաբերմունքը իր գիտնական ուսուցիչների՝ Կորնելի Կեկելիձեի, Լևոն Խաչիկյանի, Մելիքսեթ-Բեկի, Սուրեն Երեմյանի հիշատակին և հոր ափսոսանքը, որ չի կարողացել հրատարակել այդ մեծերի թողած բոլոր գիտական ուսումնասիրությունները:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի Առաջնորդը արժևորեց մեծ գիտնականի վաստակը, ով հենվելով պատմական նյութերի վրա, միշտ էլ տալիս էր դրանց ճշմարտացի գնահատականը և այդ պատճառով   նրա խոսքն ու գործը ուներ ծանրակշիռ արժեք: Նա Պարույր Մուրադյանի գրքերը , հատկապես Թբիլիսիի հայկական եկեղեցիների, և ընդհանրապես հայ վրացական հարաբերությունների մասին, համեմատեց   սուրբ նշխարքի հետ: «Սակայն չի կարելի գոհանալ միայն անցյալի փառքով, հարկավոր է մեծերի կողքին գնահատել նաև ներկան, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու ճիշտ ճանապարհը սովորեցնում էր հայազգի գիտնականը, հավելեց Թեմակալ Առաջնորդը»:

Հուշ-երեկոն իրենց նվագակցություններով գեղեցկացրին ջութակահարուհիներ   Ելենա Շաշիաշվիլին և Մարինա Կիրակոզովան ու դաշնակահար   Կարեն Միրզոյանը: