Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի միջև հաստատված բարեկամությունը և համագործակցությունը արդեն մի քանի տարվա պատմություն ունի: ՀՀ կրթության նախարարության հավանությանն արժանացած «Հայաստան-Վրաստան. հանրակրթական կամուրջներ» համագործակցության ծրագրի շրջանակներում, այս օրերին Թբիլիսիի թիվ 98 դպրոցում հյուրընկալվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն իրենց ուսուցիչների և տնօրենի հետ:
Երևանցի հյուրերը մարտի 27-ին այցելեցին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն: Հանդիպմանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդական Լևոն Թորգոմյանը, Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցեմլիձեն, Թբիլիսիի քաղաքապետարանի Սոլիկո Վիրսալաձեի անվան թիվ 1 նկարչական արվեստի դպրոցի տնօրեն Քեթևան Բարիաբաշվիլին, թբիլիսեցի և երևանցի դպրոցականներ: Աշոտ Բլեյանը հավաքվածներին ներկայացրեց Սեբաստացի կրթահամալիրի գործունեությունը, այն նախագծերը, որ իրականացվում են Թբիլիսիի թիվ 98 դպրոցի հետ համատեղ, պատմեց առաջիկայում իրականացվող ծրագրերի ու պլանների մասին: Կրթահամալիրի տնօրենը առանձնահատուկ խոսեց վրացերենի ուսուցման դրվածքի մասին, որը եվրոպական լեզուների շարքում որպես երրորդ օտար լեզու ընտրում են իր ղեկավարած կրթօջախի սովորողները: Օրինակ հանդիսացավ Մեղրիից Երևան տեղափոխված Շահանե Խաչիկյանը, ով վրացերենով պատմեց թբիլիսյան անմոռանալի օրերի մասին և կատարեց վրացերեն երգ: Այնուհետև բանախոսները արժևորեցին բարեկամության այն կամուրջները, որոնք կառուցվում են այս երկու կրթօջախների սաների համատեղ միջոցառումներով, փոխադարձ այցելություններով և բարեկամությամբ: Թբիլիսիի քաղաքապետարանի Սոլիկո Վիրսալաձեի անվան թիվ 1 նկարչական արվեստի դպրոցի տնօրեն Քեթևան Բարիաբաշվիլին, ողջունելով երկու դպրոցների բարեկամական համագործակցությունը, ցանկություն հայտնեց Երևանի Սեբաստացի կրթահամալիրի օրինակով իրենց դպրոցում ևս ներդնել հայերենի ուսումնասիրության նորույթը: Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը օրհնության իր խոսքում անդրադարձ կատարեց քրիստոնյա այս հնագույն ազգերի հարուստ մշակույթի և դարավոր բարեկամության վրա: Նա իր աջակցությունն ու օգնությունը խոստացավ Ս.Վիրսալաձեի անվան դպրոցի ղեկավարությանը հայերենի ուսուցում ներդնելու գործում: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները ներկայացրեցին տեսանյութ և կատարեցին էտյուդներ: Երևանցի հյուրերին իրենց գեղեցիկ երգը նվիրեցին մենակատարներ Աննա Պողոսովան և Հենրիխ Պետրոսյանը:
|