1

fb you od

Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

417887 365749503541868 1455968791 n

Ապրիլի 24-ի առավոտյան վիրահայ համայնքի բազմամարդ թափորը Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվեց դեպի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն: Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն էին բերել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Գեդեվան Փոփխաձեն, տեղակալ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում քույր եկեղեցիների՝ Կովկասում հռոմեական կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ջուզեպպե Պազոտոն, բապտիստական եկեղեցու ներկայացուցիչ Իլիա եպիսկոպոս Օսեփաշվիլին, Լյութերական եկեղեցու հոգևոր հովիվ Վիկտոր Միրոշնիչենկոն:

Խաչքարին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրվեցին ու կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների:

Նույն օրը Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակազմը, քույր եկեղեցիների հոգևոր հայրեր, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Պատարագիչն էր Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետ Տեր Հուսիկ քհն. Հարությունյանը:

Անդրադարձ կատարելով օրվա խորհրդին, Սրբազան Հայրը արժևորեց հայ դատի արդարացիությունը, հիշատակի միջոցառումները անվանելով մխիթարություն և միասնականության պահանջ հանուն հաղթանակի:

Արարողության ընթացքում Վիրահայոց Թեմի առաջնորդը հրապարակեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների և մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, ինչպես նաև անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները և հոգևոր-մշակութային արժեքները

Այնուհետև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Վրաստանում գործող մյուս հայկական ոչկառավարական կազմակերպությունների մասնակցությամբ Վրաստանի և Հայաստանի պետական դրոշներով շարասյունը ուղևորվեց Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության մոտ, որտեղ տեղի ունեցավ բազմամարդ բողոքի հանրահավաք: Հայերի հետ միասին հանրահավաքին ներկա էին թբիլիսաբնակ քրդական, ասորական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև վրացի համախոհներ:

Հանրահավաքին ելույթ ունեցող բոլոր բանախոսները դատապարտեցին Հայոց մեծ Եղեռնը, պահանջելով ցեղասպանության ճանաչում և հատուցում այն զոհերի կյանքի համար, որոնց հանցանքը միայն և միայն հայ լինելն էր: «Ապրիլի 24-ը հայերի միասնության օրն է, հայ ազգի արդարության համար պայքարի, հատուցման պահանջի օրը, որն անպայման պետք է ունենա իր արդարացի ավարտը, հայտարարեց «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը:

Հայոց մեծ Եղեռնի դատապարտման և այն ճանաչելու Վրաստանի իշխանություններին ուղղված կոչ էր «Հերակլ Երկրորդ» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Արչիլ Ճկոիձեի ելույթը, իսկ Գիորգի Ալթունաշվիլու ելույթը դարձավ իր խոնարհումը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև:

Հանրահավաքի ընթացքում հատուցման պահանջով ելույթ ունեցան ջավախահայ ուսանողներ, մտավորականններ, գրողներ, հայ երիտասարդական կազմակերպությունների և հասարակայնության ներկայացուցիչներ: Հնչեցին հայրենասիրական և ազգագրական երգեր:

Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության առջև կազմակերպված բողոքի գործողությունը լուսաբանվեց վրացական զանգվածային լրատվական տարբեր միջոցներով: