1

fb you od

Սուրբ կույսերի հիշատակին նվիրված երեկո՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

G-H

Մայիսի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ սուրբ կույսեր Հռիփսիմեի, Գայանեի և սրբակենցաղ Շուշանիկի հիշատակին նվիրված միջոցառում , որը նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը՝ Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:

Տերունական աղոթքից հետո բացելով միջոցառումը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը շնորհավորեց դահլիճում տեղ գտած բոլոր հռիփսիմեներին, գայանեներին և շուշանիկներին իրենց անվանակոչության տոնի առիթով, հավելելով, որ միությունն իր պարտքն է համարել նշանավորել սուրբ կույսերի հիշատակը, ում վարքը և նվիրվածությունը քրիստոնյա հավատքին, ազգին, ընտանիքին ցարդ օրինակ է հանդիսանում հայ կնոջ համար:

Այնուհետև միջոցառմանը ներկա հոգևոր հայրերը, մասնավորապես Թբիլիիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը, լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը հանգամանալից պատմեցին Սուրբ կույսեր Հռիփսիմեի և Գայանեի, սրբակենցաղ Շուշանիկի վարքի և նահատակության մասին, ընդհանրացնելով կնոջ դերը հավատքին հավատարմության, ազգին և ընտանիքին նվիրվածության մեջ, ոգեկոչեցին ապրել և գործել սրբերի օրինակով:

Վիրահայ կանանց միության նախագահը իր հերթին կարևորելով Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հլու դիմակայությունը դավանափոխ ամուսնու՝ բդեշխ Վարսկենի դաժանություններին, արժևորեց Շուշանիկի անունով վերոհիշյալ կանանց միությունը անվանակոչելու նպատակը՝ որպես հայ աստվածապաշտ կնոջ հերոսական օրինակ Վրաստանում: Նա համառոտակի ներկայացրեց Վրաստանի հայ կանանց կազմակերպության գործունեության ուղղութունները և նպատակները, առանձնացնելով, հավատքին, ազգին և հայրենիքին նվիրվածությունը, ժողովրդական ավանդույթների պահպանումը, ոգեշունչ սերունդների դաստիարակությունը:

Սուրբ կույսերիի հիշատակին նվիրված հիշատակի երեկոյին գեղեցիկ երանգ հաղորդեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու երգչախմբի ելույթը խմբավար Լուիզա Վարդանովայի և դաշնակահար Կարեն Միրզոյանի մասնակցությամբ: