Հայաստանի առաջին հանրապետությանը և սոււրբ կույսերին նվիրված միջոցառում Բաթումիում |
Մայիսի 28-ին ամբողջ հայ ազգը տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը: Ինչպես Մայր հայրենիքում, այնպես էլ հայրենասփյուռ բոլոր համայնքներում տեղի են ունենում ոգեկոչման հանդիսություներ: Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից երեկոյան ժամերգության ավարտին հանդիսավորությամբ կատարվեց Գոհաբանական մաղթանք` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակմանը: Վերջինիս ներկա էր Բաթումիում գործող ՀՀ Գլխավոր հյուպատոսության առաջին քարտուղար Տիար Արմեն Գրիգորյանը: Տեր հայրն իր քարոզի խոքում նշեց ազատության և անկախության արժեքն ու նշանակությունը հայոց ազգի համար: Այս տարի մայիսի 28-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է նաև Սուրբ Գայանե կույսի տոնը (նշնեք որ մեկ օր առաջ նշվեց Սուրբ Հռիփսիմե կույսի տոնը): Տեր Արարատի կոչով եկեղեցում սուրբ ժամերգությանը ներկա էին Սուրբ Կույսի անունը կրող աղջիկներ, կանայք: Ժամերգության ընթացքում հոգևոր հայրը կատարեց օրհնության կարգ, բարեխոսական աղոթք` մաղթելով Սուրբ Կույսի բարեխուսթյունը և հորդորելով ներկաներին` հետևել սուրբի` Աստծուն նվիրվելու և խոնարությամբ ծառայելու օրինակին: Տեր հայրը հավատացյալներին բաժանեց նաև հուշանվերներ: |