1

fb you od

Վիրահայոց թեմի ներկայացուցիչները մասնակցեցին կրոնի և դավանանքի հարցերով տարածաշրջանային կոնֆերանսին PDF Տպել Էլ.փոստ

m-j

2013 թվականի մայիսի 29-30-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վիրահայոց թեմի իրավաբանական բաժնի ղեկավար և Վիրահայոց Թեմի առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը

մասնակցեցին կրոնի և դավանանքի հարցերով տարածաշրջանային կոնֆերանսին, որին մասնակցում էին նաև պատվիրակություն Հայաստանից, Վրացական Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքության ներկայացուցիչներ, Վրաստանի պետական անվտանգության խորհրդի փոխքարտուղար տիկին Թամար Կինծուրաշվիլին, Վրաստանի կրթության փոխնախարար պարոն Դավիթ Զուրաբիշվիլին, Վրաստանի ժողովրդական պաշտպանի (օմբուցմենի) գրասենյակին առընթեր գործող հանդուրժողականության կենտրոնի ղեկավար պարոն Բեքա Մինդիաշվիլին, ինչպես նաև Վրաստանի պետական հիմնարկությունների, կրոնական և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոնֆերանսին մասնակցում էր Շահե վարդապետ Անանյանը:

Կոնֆերանսը կազմակերպել էին փոքրամասնության հարցերով Եվրոպական կենտրոնը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի գրասենյակը և Նիդեռլանդների դեսպանությունը:

Կոնֆերանսը բացեցին փոքրամասնության հարցերով Եվրոպական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տիկին Եվա Չիլինսկին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի Անդրկովկասյան գրասենյակի մարդու իրավունքների հարցով ավագ խորհրդական պարոն Վլադիմիր Շկոլնիկովը և Վրաստանում Նիդեռլանդների դեսպանի տեղակալ տիկին Անջել Սամուրան:

Կոնֆերանսին զեկուցումներով հանդես եկան Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար պարոն Պաատա Զաքարեիշվիլին, կրոնի և համոզմունքների ազատության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող պարոն Հայներ Բիլեֆելդը և ուրիշներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց հայոց և վրաց Եկեղեցիների միջեկեղեցական հարցերին: Շահե վարդապետը նշեց Հայոց Եկեղեցու դերը Հայաստանում դավանանքի ազատությանը աջակցության գործում:

Լևոն Իսախանյանը ներկայացրեց Վիրահայոց Թեմը և Թեմին անհանգստացնող հրատապ հիմնախնդիրները, ինչպես նաև Վրաստանի կառավարությանը ներկայացրեց հանձնարարականներ՝ ուղղված այնպիսի հիմնադրութային հարցերի կարգավորմանը, ինչպիսիք են խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված հայկական տաճարները Վիրահայոց Թեմին վերադարձնելը և Վրաստանի բոլոր կրոնական կազմակերպությունները համամասնորեն ֆինանսավորելու մեխանիզմի մշակման անհրաժեշտությունը: