1

fb you od

Ավանդական Վարդատոն Թբիլիսիում PDF Տպել Էլ.փոստ

IMGP3868

Հունիսի 2-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ ավանդական սայաթնովյան «Վարդատոնը»: Այն կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Համաժողովրդական տոնահանդեսը շնորհավորելու էր եկել Վրաստանի վարչապետ պարոն Բիձինա Իվանիշվիլին: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, պատժակատարողական և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Սամվել Պետրոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևոր դասը, մտավորականներ, գրականության, արվեստի ներկայացուցիչներ, Սայաթ-Նովայի երգ ու տաղի երկրպագուներ: Ավանդական «Վարդատոն-2013-ը» բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող և միջոցառման վարող Լևոն Չիդիլյանը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ Վրաստանի վարչապետ պարոն Բիձինա Իվանիշվիլին: Դիմելով Վարդատոնի եկած բազմությանը, պարոն Իվանիշվիլին՝ Թիֆլիսի մեծ աշուղ Սայաթ-Նովային անվանեց հայ –վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշ, ում տաղերում գովերգած համամարդկային գաղափարներն արդեն 300- տարի շարունակում են մնալ արդիական:Նա բարձր գնահատեց Վրաստանի հայ ազգաբնակչության ներդրումը Վրաստանի պետականության կառուցման և ամրապնդման գործում:

Այնուհետև ելույթ ունեցան բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Երևանի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Վրաստանի և Հայաստանի գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին և Լևոն Անանյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, ովքեր մեծարեցին այն ժողովրդին, ով աշխարհին տվել է Սայաթ-Նովա հանճարին, կարևորեցին Մեծ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու կողմից հիմնադրված սայաթնովյան Վարդատոնը, որի 100-ամյակը նշվելու է հաջորդ տարի:

Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար Վարդատոնին մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Ու տարածվեց «Մեյդան» թաղամասում սայաթնովյան մեղեդին հայերեն և վրացերեն՝ ոչ միայն «Քսովրելեբի» համույթի, Թբիլիսիի անհատ երգիչների ու ասմունքողների, այլև Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների և համույթների կատարմամբ:

Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղելով հոծ բազմությանը, բարձր գնահատեց Վրաստանի վարչապետի ներկայությունը Վարդատոնին և Սայաթ-Նովայի օրինակով ոգեկոչումը: Սրբազանը գնահատանքի խոսք ասաց միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Թբիլիսիի քաղաքապետարանին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնին՝ սայաթնովյան Վարդատոնն այսպես փառահեղ անցկացնելու համար: Նա ներկաներին շնորհավորեց Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ, Եկեղեցին անվանելով այն միակ ուժը, որը կոչված է համախմբելու իր հավատացյալներին, թե' մայր հայրենիքում, թե' Սփյուռքում:

Տոնական հանդիսությունից հետո Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, դիտեց տաճարում ընթացող վերանորոգման աշխատանքները: Առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Ժողովրդական ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով Վարդատոն -2013-ը դարձավ իրավամբ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը ժողովուրդների բարեկամության գովերգումն է: Վարդատոնը լայնորեն լուսաբանվեց Վրաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներով:

IMGP4009 IMGP4019 IMGP4055