Համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան |
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում նշանավորվեց գեղեցիկ համերգով,որը նախաձեռնել և կազմակերպել էր Վրաստանի հայ երաժիշտների միությունը: Միջոցառմանը մասնակցում էին ին Թբիլիսիի Ա. Շանիձեի անվան №20 մշակույթի դպրոցի երաժշտական հարվածային գործիքների երիտասարդական «Drum School» համույթը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան պատանեկան համույթը: Բացելով միջոցառումը , «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը շնորհավորեց բոլոր մասնակիցներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթելով նրանց խաղաղ երկնակամար և երջանիկ մանկություն: Այնուհետև Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը ներկայացրեց Թբիլիսիի Ա. Շանիձեի անվան №20 Մշակույթի դպրոցի (տնօրեն Ալլա Լափերաշվիլի), հարվածային գործիքների «Drum School» համույթի ղեկավարներ՝ Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի դասախոս Կոնստանտին Վարդանովին և նրա որդի, կոնսերվատորիայի շրջանավարտ, Թբիլիսիի Զ.Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար Գիորգի Վարդանովին: Այս համույթի անդամներ Աննա Ալավիձեն, Ռավիլ Ալազովը, Նիկա Գոբեջիշվիլին, Աննա և Ռատի Ձեբիցաշվիլիները, Թաթա Իրիցյանը, Նատալյա Մաիսուրաձեն, Դավիթ Լութիձեն, Զուրաբ Մախարաձեն, Ալեքսանդրե Թոլորաիան փողի, շեփորի, ֆլեյտայի և հարվածային տարբեր նվագարանների վրա հայ, վրացի և արտասահմանցի այլ երգահանների ստեղծագործությունների հիանալի կատարումներով արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջույններին: Ուրախալի էր, որ նրանց կատարումներին, որ հնչում էին դաշնակահարուհի Դոդո Բադալաշվիլու նվագակցությամբ, միացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ներսես Շնորհալիի անվան պատանեկան համույթը (խմբավար Մարա Աբուլյան) դասական, հոգևոր և էստրադային երգերի կատարումներով, ստեղծելով գեղագիտական հիանալի տպավորություն: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանն իր օրհնությունը բաշխելով ներկա գտնվողներին, գոհունակության խոսքեր ուղղեց երկու համույթների անդամներին հիասքանչ ելույթի համար, արժևորելով համույթների ղեկավար մանկավարժներ Գիորգի Վարդանովի և Մարա Աբուլյանի մեծ ներդրումը նվագարանների վրա և երգերի հոգեբուխ կատարումների համար: Հոգևոր Հայրը հույս հայտնեց, որ այս համատեղ համերգը կդառնա այն գեղեցիկ նորի սկիզբը, որը պետք է շարունակվի երկու խոստումնալից համույթների՝ հարվածային գործիքների «Drum School» և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Ներսես Շնորհալի պատանեկան համույթի համագործակցությամբ: Նա երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ սրբապատկերներ բաժանեց հյուրընկալվող համույթի անդամներին և նրանց ղեկավարներին: Փայլուն կատարումներով և մանկական ոգեշունչ տրամադրությամբ կայացած համերգն ավարտվեց ուրախ հյուրասիրությամբ: |