1

fb you od

Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում կատարվեց «Սբ. Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու հիմնարկեքի արարողություն PDF Տպել Էլ.փոստ

m

Հուլիսի 6-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, Ախալքալաքի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և դպրաց դասի մասնակցությամբ կատարվեց Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Սրբազան ծիսակատարությանը իրենց մասնակցությունն էին բերել տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները և գյուղի հասարակայնությունը:

Եկեղեցու կառուցման բարերարությունը ստանձնել էր նույն գյուղի բնակիչ, ռուսաստանաբնակ Հակոբ Խաչատրյանը:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով. սաղմոսների և շարականների երգեցողության ներքո նախ ջրով և գինով մաքրագործվեցին 16 հիմնաքարերը, ապա դրանք օծվեցին Առաջնորդի ձեռամբ: 16 հիմնաքարերը կառուցվող եկեղեցու հիմքում զետեղեցին ինչպես համայնքի ղեկավարները, այնպես էլ մտավորականության և հասարակայնության ներկայացուցիչները:

Հիմնարկեքի արարողության ավարտին շնորհավորանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Թամակալ Առաջնորդը՝ հույս հայտնելով, որ եկեղեցու հիմնարկեքով և կառուցումով կփոխվի գյուղի հոգևոր կյանքի ընթացքը, իր հետ բերելով դրական փոփոխություններ: Սրբազան Հայրը կոչ արեց դպրոցի տնօրինությանը, հոգևոր հովվին և համայնքի ղեկավարությանը, որ գյուղի կրթա-մշակութային և հոգևոր կյանքն ավելի զարգացնեն և առաջ տանեն:

Սրբազան Հայրը բարձր գնահատեց Տեր Արմաշ քահանա Պողոսյանի կատարած աշխատանքը և շրջանի ղեկավարության ու պատգամավորի աջակցությունը Թեմի եկեղեցական կյանքին: Վիրահայոց առաջնորդը նաև իր օրհնությունը բերեց բարերար Հակոբ Խաչատրյանի ծնողներին և ընտանիքի անդամներին, բարձր գնահատելով նրանց եկեղեցասեր և ազգանվեր ծառայությունը:

Արարողությանը մասնակցում էին շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, շրջանի վարչության նախագահ Գագիկ Ղարսլյանը, Վիրահայոց թեմի Հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Արամ Սանոսյանը, ճանաչված մտավորական, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը և ուրիշներ:

Գյուղի հիմնադրման մասին տվյալները գալիս են դեռևս 16-րդ դարից, սակայն հիմնական բնակչությունն այստեղ է տեղափոխվել 1829-30-ական թվականներին Էրզրումի նահանգի Մամզարա շրջանից: Թեև գյուղում կա 1830-ականներին կառուցված վթարային վիճակում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին, բայց համայնքը հարմար գտավ կառուցել այս եկեղեցին՝ապագայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին վերականգնելու հեռանկարով: Գյուղը հայտնի է նաև Նամզարա անունով:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)