Հանդիպում Վրաստանի նախագահի թեկնածուի հետ |
2013 թվականի հոկտեմբերի 13-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում Վրաստանի նախագահի թեկնածու, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահ Նինո Բուրջանաձեի հետ: Հանդիպումը կայացավ մի կողմից՝ Վրաստանի քաղաքագետների, հասարակական գործիչների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Վրաստանի հայազգի քաղաքացիների միջև երկխոսության պլատֆորմի շրջանակներում: Երկխոսության պլատֆորմի նպատակն է աջակցությունը երկրի քաղաքական գործընթացների նկատմամբ քաղաքագետների մեկնաբանությունների մասին Վրաստանի հայազգի քաղաքացիների իրազեկման մակարդակի բարձրացմանը: Նինո Բուրջանաձեն կատարեց իր ընտրական ծրագրի շնորհանդեսը, որից հետո հարց-պատասխանի ձևաչափով պատասխանեց ներկաների հարցերին: Հանդիպմանը ներկա էին թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, քաղաքագետներ, նրանք, ում համար հետաքրքիր էին նախագահի թեկնածուի ծրագիրն ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ մոտեցումները: Բացելով հանդիպում-բանավեճը, միջոցառման վարող թեմի իրավաբանական հարցերով, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանը խնդրեց Նինո Բուրջանաձեին ներկայացնել Վրաստանի ազգային, կրոնական և լեզվական փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերների վերլուծությունը:
«Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության նախագահը կարևորեց երկրի բազմազգ բնակչության ինտեգրումը քաղաքացիական հասարակությանը, որպես խնդիր անվանելով պետական լեզվի տիրապետման հարցը, թերևս գոհունակությամբ նշեց, որ այս հանդիպման ընթացքը երկրի պետական լեզվով, այդ խնդրի հաղթահարման վկայությունն է: Նախագահի թեկնածուն խոսելով հարևան երկրների հետ Վրաստանի հարաբերությունների շուրջ, ընդգծեց, որ իր նախագահ ընտրվելու դեպքում Հայաստանի և Վրաստանի միջև դրացիական հարաբերությունները կունենան էլ ավելի ջերմանալու, համատեղ տարածաշրջանային ծավալուն նախագծեր իրականացնելու միտում: Նա կարևորեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ պետության ուշադրությունը՝ հակամարտող տարածաշրջանների բնակչության համար օրինակելի դարձնելու հանգամանքը,- քանզի դա էլ կարող է նպաստել կորցրած տարածաշրջանները վերադարձնելու և երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցի լուծմանը: Այնուհետև հանդիպումն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով: Ներկաների կողմից բարձրացվեցին հայազգի քաղաքացիներին իշխանության ատյաններում պաշտոններ չտալու, Վրաստանում գործող տարբեր արտասահմանյան ընկերություններում աշխատանքի չընդունելու, Վրաստանի կողմից փոքրանասնությունների և տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացումը և այլ հարցեր: Նախագահի թեկնածուն բոլոր հարցերին տվեց անկեղծ և սպառիչ պատասխաններ: Թբիլիսահայ համայնքը սպասում է նախագահի մյուս թեկնածուների կողմից համայնքի անդամների հետ հանդիպելու պատրաստակամությանը:
|