1

fb you od

Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանին նվիրված հուշ-երեկո PDF Տպել Էլ.փոստ

hush ereko 

40 օր լրացավ այն օրից, երբ թբիլիսահայ հասարակությունը հողին հանձնեց իր անզուգական հայրենակցին՝ Սարգիս Դարչինյանին: Իր քաղաքի պատմության հայկական հետքն ուսումնասիրող մեծ արխիվագետը գնաց միացավ կյանքից հեռացած ազգի մյուս նվիրյալներին:

Սույն թվականի նոյեմբերի 8-ին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, Սարգիս Դարչինյանի հարազատների հետ միասին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է նրա դին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար ու վերստին ծաղիկներով զարդարվեց Սարգիս Դարչինյանի թարմ շիրիմը՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում նրա հիշատակի առաջ:

Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սարգիս Դարչինյանին նվիրված հիշատակի երեկո:Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը և »Լոռվա ձոր» հայրենակցական միությունը՝ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և հովանավորությամբ: Հուշ-երեկոյին ներկա էին հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգեյ Երիցյանը, պատմաբան-եկեղեցաբան Ռուբեն Նահատակյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի տեղակալ Վահագն Աֆյանը,խորհրդական Լևոն Թորգոմյանը, Սարգիս Դարչինյանի այրին՝ տիկին Ասյան, բարեկամներ, ճանաչողներ, նրա գործունեությունը գնահատողներ:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի առաջարկությամբ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սարգիս Դարչինյանի հիշատակը: Գեղատեսիլ Թբիլիսիում հայոց հետքի վերհանմանը անմնացորդ նվիրված Սարգսի գործունեությունը մեծարեցին և մեծ արխիվագետի մասին հուշեր պատմեցին բանախոսներ Մերուժան Շահումյանը, Եսայի Աբովյանը, Ենոք Թադևոսյանը, Արտեմ Գրիգորենցը և ուրիշներ:

Մեծ է Սարգիս Դարչինյանի կատարածը իր քաղաքի տարեգրության մեջ հայկական ստվերները սերունդներին հանձնելու գործում, խորն է ցավը նրա մահվան կապակցությամբ- ահա այս միտքն էր արտահայտված երիտասարդ ռեժիսոր Նիկ Ակոպովի՝ Սարգիս Դարչինյանին նվիրված տեսաֆիլմում, որը հուզմունքով դիտեցին ներկաները:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը, ով տասնամյակներ շարունակ համագործակցել է Սարգիս Դարչինյանի հետ, խոսեց արխիվագետի գործունեության մասին, որոնք այսօր ներկայացնում են քաղաք Թբիլիսիի հայապատկան 12 հազար մասնավոր տների լիարժեք հետազոտություն, երկու հայաբնակ թաղամասերի՝ Սոլոլակի և Հավլաբարի պատմության, ճարտարապետության ուսումնասիրություն: Պատմաբանը կարևորեց Սարգիս Դարչինյանի անմնացորդ նվիրումով հավաքած արխիվային ժառանգությունը ազգի սեփականությունը դարձնելու անհրաժեշտությունը:

Իր խոսքում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Երիցյանը, Սարգսի Դարչինյանի կատարած աշխատանքը համեմատեց մի ամբողջ ինստիտուտի գործունեության հետ, որը թերևս հազվագյուտ ազգասեր նվիրյալը կատարել է միայնակ, չնայած ծառացած դժվարություններին և խոչընդոտներին: Նա սրտի ցավով ներկայացրեց իր ղեկավարած ընկերության աջակցությամբ հրատարակված Սարգիս Դարչինյանի «Թիֆլիս. Հայկական ճեպանկարներ» գիրքը, որի միայն էլեկտրոնային տարբերակը կարողացավ տեսնել և ուրախանալ արժանավոր հեղինակը: Բանախոսը հավելեց, որ Դարչինյանի կատարած վիթխարի գործի փոքրիկ գնահատականը դարձան այս գրքի հրատարակությունը և մեկ էլ ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից 2012 թվականին «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրումը:

Վրաստանում հայոց հետքի վերհանմանը իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերած մատենագիրը հայ մարդու ազնվական շառավիղով կարողացավ ներկայացնել հայոց քաղաքակրթությունը Թբիլիսիում, իր պրպտումներով և բացահայտումներով դառնալով այս քաղաքի ամենահզոր մարդը,- ահա այսպիսին էր Սարգիս Դարչինյանը պատմաբան-եկեղեցագետ Ռուբեն Նահատակյանի համար, ով Երևանում հաճախ էր հյուրընկալում, հետաքրքրությամբ լսում նրա գործունեության նորանոր ոլորտների և բացահայտումների մասին:

Հավարտ միջոցառման իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսք ասաց հուշ-երեկոյի մասին, երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր նրանց, ովքեր Սարգիս Դարչինյանի կենդանության օրոք աջակցել ու սատարել են նրան: Թեմակալ առաջնորդը կարևորեց ազգի նվիրյալ զավակներին ժամանակին նկատելու և արժևորելու անհրաժեշտությունը և հայտարարեց, որ Սարգիս Դարչինյանի տասնամյակների ընթացքում հավաքված ողջ արխիվը հանձնվում է Սամվել Կարապետյանին, ում ղեկավարությամբ ուսումնասիրվելուց հետո այն կտրվի ՀՀ ազգային արխիվին:

Հուշ-երեկոն դարձավ Սարգիս Դարչինյանի նվիրական կյանքի լուսաբանման գեղեցիկ էջ:  

IMGP5759 IMGP5832 IMGP5855  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)