«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 6-րդ անգամ հյուրընկալվեց Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-9-10-ը Ախալքալաքում ցուցադրվում են կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին, ինչպես նաև Վրաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին տարիներին ստեղծված լավագույն ֆիլմերը:
Նոյեմբերի 9-ին, «Ոսկե ծիրան» կինոդահլիճում տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ՝ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը իր շնորհակալական խոսքում բարձր գնահատեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անձնակազմի գործունեությունը, կարևորելով այն, որ արդեն 6-րդ անգամ կինոյի լավագույն փառատոնն անցկացնում են նաև Ջավախքում: Այնուհետև մասնակցությամբ Տեր Տաթև քահանա Մարուքյանի ,փոխառաջնորդը կատարեց օրհության կարգ: Փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն իր ողջյունի խոսքում արժևորեց կինոյի դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում: «Ոսկե ծիրանը» Ջավախքում» կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ: Նոյեմբերի 8-ին` «Փարաջանով», նոյեմբերի 9-ին՝ «Ընդհատված մանկություն», «Ջավախք, հավերժական հայրենիք», «Ժպտացեք», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը, իսկ նոյեմբերի 10-ին, «Հայկական անիմացիա-75» մուլտծրագիրը և «Աղի պես ճերմակ» ֆիլմը – այսպիսին է կինոցուցադրումների ժամանակակարգը: «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի փակումն Ախալքալաքում կազդարարվի «Եթե բոլորը...» կինոնկարով:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
|