Վերաօծվեց Ալաթումանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցին |
Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արակովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի, օծվեց Ախալքալաքի շրջանի Ալաթուման գյուղի «Սուրբ Երրորդություն» անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը: Եկեղեցու վերաօծման կարգից հետո մատուցվեց Սբ . և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը: Վիրահայոց թեմի առաջնորդը Ջավախքի և, մասնավորպես, Ալաթումանի ժողովրդին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքը: Սրբազան Հայրն իր խոսքում, կարևորեց. «Այսօր կան մարդիկ, ովքեր, հիրավի, փնտրում են Աստծուն և այդ ճանապարհին գալիս ու խոնարհվում են Աստծո տաճարի առաջ: Հայաբնակ այս գողտրիկ անկյունում ապրում է մի ժողովուրդ, ով քրտնաջան աշխատանքով վաստակում է իր հանապազօրյա հացը և այսքան ամուր կապված է իր եկեղեցուն»: Ներկաներին իր ողջյունն էր հղել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդը բարձր գնահատեց բարերարի իրականացրած աշխատանքը: «Ալաթումանցիները գրեթե մեկ դար սպասել են այս երանելի օրվան: Երազել են տեսնել Սուրբ Երրորդություն եկեղեցին բարեկարգ վիճակում, լսել զանգերի ղողանջը, մոմ վառել և աղոթք անել առ Աստված: Եվ ահա բարերարի շնորհիվ նրանց երազանքը դարձավ իրականություն»,- իր խոսքում նշեց Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը և բարերարին փոխանցեց օրհնության գիր և Աստվածաշունչ մատյան: Սուրբ Երրորդություն Եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին: Եկեղեցու շենքը վնասվել է 1899-թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Այն վերանորոգվել և տարածքը բարեկարգվել է ռուսաստանաբնակ, ծնունդով ջավախքցի Ալիկ Մակարյանի բարերարությամբ: Ի հիշատակ բարերարի հոր՝ եկեղեցու բակում կանգնեցվեց Խաչքար: |